Ռուսաստանը բացում է սահմաններն աշխատանքի, բուժման և կրթության նպատակով արտասահման մեկնողների համար
ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի համակարգող խորհրդի նախագահության նիստին հայտարարել է, որ ռուսաստանցիները կարող են մեկնել արտերկիր ազգականներին խնամելու, բուժման, աշխատանքի և կրթության նպատակով: Այս մասին հայտնում է Tert.am-ը «ՌԻԱ Նովոստի»-ին հղելով:
Վարչապետը տեղեկացրել է, որ արտասահմանցիներին նույնպես կթույլատրվի բուժման նպատակով այցելել Ռուսաստան: Համապատասխան հրամաններն արդեն ստորագրվել են:
Ռուսաստանն իր բոլոր սահմանները փակել էր ԱՀԿ-ի կողմից կորոնավիրուսը համավարակ հայտարարելուց հետո: Վերջին տվյալներով՝ Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 476 658 դեպք, վարակվածներից 230 000-ից ավելին առողջացել է, 5971-ը` մահացել:
Փորձագետների կարծիքով՝ Ռուսաստանում հիվանդության պիկն անցել է, երկրի իշխանություններն աստիճանաբար չեղարկում են սահմանափակումները: