Ալիևը Լավրովին Փաշինյանից է բողոքել. Տեսանյութ
Դեկտեմբերի 2-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Բաքվում գտնվող Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին։ Հանդիպման ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը։
Լավրովի հետ հանդիպման ժամանակ Ալիևը հայտարարել է, որ հիմնախնդրի կարգավորման գործընթացում տեսանելի արդյունքներ չեն եղել՝ որպես պատճառ մատնանշելով «Հայաստանի ղեկավարության ոչ արդյունավետ քաղաքականությունը, հատկապես Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ Արցախը Հայաստան է և վերջ»։
«Եվ ես ուրախ եմ, որ և՛ ձեր, և՛ մյուս երկրների համանախագահները ճիշտ գնահատական են տվել, մեղմ ասած, այս տարօրինակ հայտարարությանը»,- հավելել է Ադրբեջանի նախագահը:
Պաշտոնական Մոսկվան շահագրգռված է, որ իրագործվեն վստահության ամրապնդման միջոցառումների վերաբերյալ պայմանավորվածությունները: Այս մասին ի պատասխան հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Մենք շահագրգռված ենք, որ իրագործվեն Վիեննայի գագաթնաժողովին ձեռք բերված և Մոսկվայում նախարարների հանդիպմանը վերահաստատված վստահության ամրապնդման միջոցառումների մասին պայմանավորվածությունները», - ասել է Լավրովը՝ հավելելով, թե այդ պայմանավորվածություններն աստիճանաբար իրագործվում են, և հույս հայտնելով, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների առաջիկայում կայանալիք հանդիպումը կհամախմբի այդ գործընթացը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Zham.am