Ռիտա Սարգսյանը զանգահարել է դերասանուհուն. շահարկվե՞լ է տիկնոջ անունը
Օրերս ՀԺ-ն հայտնել էր, որ դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Իրինա Հարությունյանին թույլ չեն տալիս վերադառնալ Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն: Լուրեր էին շրջանառվել, որ թատրոնի տնօրեն Ֆրեդ Դավթյանը դերասանների մոտ հայտարարել էր, թե Ռիտա Սարգսյանը թույլ չէր տվել Իրինայի վերադարձը թատրոն:
ՀԺ-ում հրապարակումից հետո Ռիտա Սարգսյանը զանգահարել է Իրինա Հարությունյանին: Զրույցի մանրամասները դերասնուհին այսօր ներկայացրեց մեզ:
«Երեկվա ձեր հոդվածը մեծ իրարանցում է առաջացրել ու լայն քննարկման առիթ դարձել: Ինքս էլ տեսա բազմաթիվ կաշմառ մեկնաբանություններ, եւ գրեթե բոլորը քննադատում էին իմ վերադարձը խոչընդոտողներին՝ մասնավորապես Ռիտա Սարգսյանին: Եվ դրանից հետո, երեկոյան ինձ զանգեց անձամբ Ռիտա Սարգսյանը: Ասեմ, որ նրա զանգն անսպասելի էր ինձ համար, որովհետեւ մինչ այդ մենք երբեւէ հեռախոսակապ չենք ունեցել»,-պատմեց դերասանուհին:
Իրինա Հարությունյանի խոսքով՝ մանրամասն խոսել են Ռիտա Սարգսյանի հետ, դերասանուհին ողջ կատարվածը ներկայացրել է նրան, այն թե ինչպես են որոշ դերասաններ իրեն հաղորդել Ռիտա Սարգսյանը դեմ է իր վերադարձին եւ այն, թե ինչ է տնօրենի գրասենյակում ասվել:
«Իռոչկա, երբե՛ք քո հարցով ինձ ոչ ոք չի դիմել, երբեք չեն էլ համարձակվել, որովհետև գերազանց իմացել են, որ ես քեզ գնահատում եմ որպես բարձրակարգ դերասանուհու: Դու ռուսական թատրոնի ամենատաղանդավորներից ես: Ռուսական թատրոնն առաջին հերթին ասոցացվում է քեզ հետ»,- Իրինա Հարությունյանի խոսքով՝ ասել Է Ռիտա Սարգսյանը եւ վստահեցրել, որ ստորագրում է յուրաքանչյուր ասված բառի տակ:
«Այսօր թատրոնում դեր են կիսում, աթոռ են կիսում, իսկ ես պոտենցիալ խոչընդոտ էի նրանց համար, ուստի, փորձել են առաջնայինը ինձնից ազատվել»,-ասաց Իրինա Հարությունյանը: Վերջինիս խոսքով՝ Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնի որոշ դերասաններ, դիտավորյալ շահարկելով Ռիտա Սարգսյանի անունը, փորձել են արգելք դնել վերջինիս թատրոն վերադառնալու առաջ:
«Ռիտա Սարգսյանն ինձ ասաց՝ ինչո՞ւ ինձ մոտ չես եկել, ես էլ ասացի, որ ինձ ամեն կողմից ներկայացնում էին, որ դուք խիստ դեմ եք: Ռիտա Սարգսյանը ասաց, որ դա նրանց կողմից դիտավորյալ է ասվել»,-ասաց դերասանուհին: Մեր հարցին, թե Ռիտա Սարգսյանի դեմ լինելու լուրը կոնկրետ ո՞վ է հաղորդել իրեն, Իրինա Հարությունյանն ասաց, որ դերասաններից մի քանիս են ասել եւ թատրոնի նախկին գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանի դուստրը՝ Նորա Գրիգորյանը:
«Բացահայտ չեմ ուզում ասել, թե հայերեն մեկ այլ տարբերակով ինչպես են ասում՝ ստի ոտը կարճ է լինում, եւ քառասուն օր է տեւում, բայց տնօրենը եւ Նորա Գրիգորյանն են ասել, որ իմ վերադարձը նախագահական հարց է: Ռիտա Սարգսյանը տեղյակ է ու դեմ է»,-ասաց դերասանուհին:
Իրինա Հարությունյանը հայտարարեց, որ մարդիկ խոչընդոտել են իր թատրոն վերադառնալուն՝ շահարկելով Ռիտա Սարգսյանի անունը: «Ռիտա Սարգսյանն ինձ ասաց, ես արդեն երեք ամիս է ինչ՝ չկամ, իսկ ինչո՞ւ հիմա քեզ չեն վերցնում. պատասխանը մեկն է՝ դու պոտենցիալ հակառակորդ ես իրենց»,-եզրափակեց դերասանուհին՝ ասելով, որ հավատում է Ռիտա Սարգսյանի խոսքերին եւ երբևէ որևէ նեգատիվ վերաբերմունք չի նկատել ու անտրամաբանական է համարել նրա կողմից ենթադրյալ միջամտությունը: