Արմեն Սարգսյանը չի կրում ՀՀԿ-ի ծանր բեռը եւ նրա անունը չի կապվում պետական սկանդալների հետ. «Ելք»-ի պատգամավ
Երբ հանդիպման առաջարկ լինի, «Ելք» դաշինքը անպայման կհանդիպի ՀՀԿ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին, կլսի նրան, կքննարկի հարցեր, բայց «Ելք»-ը դեմ է քվեարկելու նրա թեկնածությանը: Այս մասին, այսօր՝ հունվարի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը, տեղեկացնում է NEWS.am-ը:
«Վստահ եմ, որ այդ հանդիպումը մեծ հաշվով այն չի անդրադառնա «Ելք»-ի քվեարկության վրա: Նախ գիտեք, որ «Ելք»-ն իր թեկնածուին (Արտակ Զեյնալյան-խմբ) է փորձել առաջադրել, թեեւ ֆորմալ առումով դա չստացվեց, որովհետեւ անհրաժեշտ քանակի ձայներ չհավաքվեց։ Այդուհանդերձ «Ելք»-ը կշարունակի իր թեկնածուի քարոզչությունը։ Մենք կխոսենք Արմեն Սարգսյանի հետ, բայց «Ելք» դաշինքը դեմ է քվեարկելու»,- ասաց Միրզոյանը:
Արարատ Միրզոյանը նշեց, թե այո, Արմեն Սարգսյանը չի կիսում ՀՀԿ-ի ծանր բեռը: «Նա առանձնապես աչքի չի ընկել ոչ ընտրությունների կեղծման մեխանիզմում, ոչ այլ պետական սկանդալներում: Թերևս առանձնացնենք միայն «Լիդիան-Արմենիայի» հետ ասոցացումը: Այնուամենայնիվ նա ՀՀԿ-ի թեկնածուն է եւ դա արդեն խոսուն է»,-ասաց նա:
Խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն էլ նկատեց, որ եթե Հանրապետականը վստահ է, որ Արմեն Սարգսյանը շատ առումներով գերադասելի թեկնածու է ու ցանկացած այլ թեկնածություն մրցակցությունից դուրս է, ապա Հանրապետականը կարող է Արտակ Զեյնալյանի առաջադրման համար պակասող 18 ստորագրությունն ինքն ապահովել՝ դրանով իսկ հնարավորություն ստեղծելով նախագահի թեկնածուի շուրջ քննարկումներ ու բանավեճեր ծավալել։
Դիտարկմանը, թե Սերժ Սարգսյանը հույս է հայտնել մեկ փուլով անցկացնել նախագահական ընտրությունները, իսկ ՀՀԿ և ՀՅԴ ձայները չեն բավարարի մեկ փուլով դրանք անցկացնելու համար, հետևաբար ո՞ր խորհրդարանական ուժը կսատարի ՀՀԿ թեկնածուին, Արարատ Միրզոյանն ասաց. «Կարծում եմ՝ բացահայտում արած չեմ լինի՝ «Ծառուկյան» դաշինքը»։
Մանրամսները՝ NEWS.am-ում: