Պայթելու է. 16.000 դոլար՝ նախարարին, 43 դոլար՝ բժշկին. աղքատները վճարում են հարուստների համար
«Դասեր» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն «Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանն ու Անկախ դեղատների ասոցիացիայի նախագահ Արթուր Խաչատրյանն են:
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
Արթուր Խաչատրյան.- Դեղերի դեֆիցիտն ինչպես կար անցյալ տարի, այնպես էլ կա հիմա: Մեր քաղաքացիները, ստիպված, անհրաժեշտ դեղորայքը ձեռք են բերում Ռուսաստանից, եվրոպական երկրներից, Վրաստանից, նաև Թուրքիայից: Ցավալի է, բայց Թուրքիայից են բերում նաև օնկոլոգիական դեղերը, որովհետև այնտեղ էժան է: Այն դեպքում, երբ դեղերի հարցը, ըստ էության, ազգային անվտանգության հարց է։
Այսօր մեր ազգաբնակչության համար չի ապահովվում դեղերի անհրաժեշտ քանակությունը և հասանելիությունը։ Օրենքներն այս վերջին տարիների ընթացքում այնպես են փոփոխվել, որ այսօր հնարավոր չի լինում մեր ազգաբնակչությանն անհրաժեշտ քանակի դեղեր ներկրել Հայաստան։
Մեկ տարի առաջ մոտ 3400 դեղ էր գրանցված, այսօր՝ 3800, բայց դա եղանակ չի փոխում, որովհետև դեղերի 30%-ը թեև գրանցել են, բայց չեն բերում, իսկ գրանցված դեղերի մի մասն էլ կրկնվում են, օրինակ՝ Պարացետամոլը, Դիկլոֆենակը: Այնինչ շուկայում մեզ բուժման համար անհրաժեշտ է 8000-ից ավելի անուն դեղ: ԵԱՏՄ երկրների համար, ի դեպ, գրանցված է ավելի քան 13 000 անվանում դեղ՝ ազդող նյութով դեղ, երբ մեզ մոտ նույն ազդող նյութով դեղերի քանակը 1300 է: Ի դեպ, մինչ 2018թ. հեղափոխությունը Հայաստանում գրանցված էր 5600 անվանում դեղ, պատկերացրեք՝ դրանց քանակը որքան է կրճատվել:
Բազմիցս առաջարկել ենք՝ ԵԱՏՄ կանոնակարգով գրանցված դեղորայքը թույլատրեն ներմուծել Հայաստան, որովհետև երբ դեղարտադրողից պահանջում են նաև Հայաստանում գումար ծախսել, գրանցել դեղորայքը, ինքը հեռանում է հայկական շուկայից: Այս կերպ կլուծվեր դեղորայքի դեֆիցիտի և բարձր գների հարցն ու կդառնար ավելի մատչելի ու, կարևորը՝ անվտանգ, որովհետև, օրինակ, Մոսկվայից բերված դեղը պետք է բերվի համապատասխան ջերմային ռեժիմով, բայց ո՛չ պացիենտը գիտի այդ մասին, ո՛չ բերողը, ինչը տվյալ դեղը հիվանդի համար դարձնում է նվազ արդյունավետ:
Եթե քաղաքացուն թույլատրում են իր համար դրսից բերել 5 անուն դեղ, ինչո՞ւ չի կարելի թույլ տալ ներկրել այդ դեղորայքը, հատկապես, եթե դրանք լաբորատոր փորձաքննություն չեն անցնում Հայաստանում:
Դեղը թաքնված զենք է, հատկապես որոշ երկրներից ներկրելիս պետք է փորձաքննություն անցնի:
Անուշ Պողոսյան.- Քանի որ դեղերի դեֆիցիտը շատ է, մեծ քանակով զարտուղի ճանապարհով դեղ է մտնում Հայաստան: Ակտիվացել է դեղերի սև շուկան: Բժիշկները գիտեն՝ այդ դեղերը որտեղ են վաճառվում: Եվ վաճառվում են շատ թանկ գներով: Մենք այսօր ունենք անվտանգային լուրջ խնդիր դեղորայքային շուկայում: Քաղաքացին մեծ գումար է տալիս ու չի իմանում՝ ինչ է առնում:
Արթուր Խաչատրյան.- Դեղորայքը Հայաստանում հարևան Վրաստանից 30-40%-ով թանկ է:
Մեր նախորդ զրույցում Արթուր Խաչատրյանը մանրամասնել էր. «Դեղեր ներկրելու համար անհրաժեշտ է, որպեսզի դրանք գրանցված լինեն ՀՀ-ում կամ ԵԱՏՄ-ում։ Այսինքն` ներառված լինեն դեղերի գրանցման գրանցամատյանում (ռեեստրում)։ ԵԱՏՄ բոլոր երկրներում, որի անդամ է նաև Հայաստանը, դեղերը պետք է շրջանառվեն առանց սահմանափակումների․ եթե դեղը գրանցված է ԵԱՏՄ-ում և ներառված է միասնական գրանցամատյանում, ապա այն կարող է շրջանառվել ԵԱՏՄ անդամ բոլոր երկրներում։ Հայաստանի այս իշխանությունները, սակայն, պարտադրում են, որ ԵԱՏՄ շրջանակից դուրս դեղերը գրանցվեն նաև Հայաստանում:
ՀՀ-ում դեղ գրանցելու գործընթացը շատ թանկ է, հատկապես այս վերջին տարիներին արված օրենսդրական փոփոխություններից հետո։ Քանի որ մեր շուկան փոքր է, այդ թանկ գինն արտադրողներին ձեռնտու չէ, նրանք շահագրգռված չեն իրենց դեղերը Հայաստանում գրանցել։ Ներկրողներին ձեռք չի տալիս գրանցել դրանք։ Արդյունքում, 2019-ից մինչև 2024-ը Հայաստանում գրանցված դեղերի թիվը նվազել է 40 տոկոսով։ Գրանցման ժամկետը լրանում է, արտադրողն այլևս չի վերագրանցում, հեռանում է մեր շուկայից։ Դրա համար էլ դեղերի դեֆիցիտը Հայաստանում գնալով աճում է։
Վրաստանում գրեթե 3 անգամ մատչելի են գրանցում։ Ավելին, այնտեղ, եթե դեղը գրանցված է ԵՄ անդամ երկրում, ԱՄՆ-ում, Ճապոնիայում, Կանադայում, այն այլևս փորձաքննություն չի անցնում, միանգամից ճանաչվում է։ Այսօր Վրաստանում պաշտոնապես գրանցված է 11.000 անվանում դեղ»։
Անուշ Պողոսյան.- Այս պահին առողջապահական համակարգում անկառավարելի քաոս է: Հարգելի քաղաքացիներ, իշխանությունները ձեզ խաբում են. ձեր առողջապահական ծախսերի ընդամենը 30%-ն է փոխանցվելու ապահովագրական հիմնադրամից: Իսկ հիմա մտցվել է համավճարի սկզբունքը, և քաղաքացին վճարում է մեծ գումարներ:
Օնկոլոգիական հիվանդներից ոչ ոք իրենց ամբողջական բուժման ծախսերը չի ստանում պետությունից, ստում են, թե անվճար է, ու այս անկառավարելի վիճակից տուժում է բացառապես հիվանդը:
Իշխանությունների կողմից քարոզվող առողջապահական այս ապահովագրությունը նույն պետպատվերն է, բրենդավորեցին ու այդ անունով ներդրեցին:
Արդյունքում, մեր քաղաքացին, ով ժամանակին լսում էր «պետպատվերը վերջացել է» նախադասությունը, շուտով կլսի «ապահովագրական գումարները վերջացել են» նախադասությունը: Ի դեպ, օրերս կառավարության պահուստային ֆոնդից 2.5 միլիարդի գումար հանեցին, հետո ևս 400 000 000 դրամ… Նպատակը՝ մինչև այս հունիսին կայանալիք ընտրությունները ձգելն է, որ չպայթի, կարողանան գնան էդ դրոշակով ընտրությունների…
Այս ֆոնին առողջապահական համակարգում ունենք բուժաշխատողների հսկայական դժգոհություն, բժիշկներն անտանելի ծանր աշխատանք են կատարում, գերծանրաբեռնված են ու դրա փոխարեն ստանում են ծիծաղելի ցածր աշխատավարձ:
Այսօր երիտասարդ բժիշկները համատարած գերմաներեն ու անգլերեն են սովորում, որ արտագաղթեն: Այս վերաբերմունքի արդյունքում ունենալու ենք սպասարկող որակյալ բժիշկների խիստ պակաս:
Մի քանի օր առաջ չլսված բան լսեցինք. հիվանդանոցի բյուջեն ՔՊ-ի նշանակած տնօրենը խաղացել ու պարտվել էր կազինոյում: Սա է առողջապահության նախարարի կադրային քաղաքականության արդյունքը: Խոսքը 140 միլիոն դրամ գումարի մասին է: Ո՞ւմ մեղադրենք:
Մենք ունենք երեք զուգահեռ իրականություն՝ «ուրախ ավտոբուս», հիվանդներ ու դեղ գնելու խնդիր ունեցող մարդիկ ու ավելի սարսափելի իրականություն՝ բուժաշխատողները: Երբ նախարարը 7 միլիոն դրամ և ավելի (16-18.000 դոլար) պարգևավճար էր ստացել ու ասում էր՝ լավ նախարար եմ, արժանի եմ այդ պարգևավճարին, պետք է հիշենք, որ նախորդ ամիս ունեցել ենք մանկական նյարդաբան, ով ստացել է ընդամենը 13.000 դրամ աշխատավարձ, տրավմատոլոգ՝ 16.000 դրամ աշխատավարձով, ու այս ցանկը շարունակելի է… Ունեն նաև փոխնախարար, ով 3 միլիոն դրամ պարգևավճար է ստանում, բայց տեսանյութով ձեռք է առնում բժիշկներին…
Ժամանակին նարկոլոգիայի նախկին տնօրենն առաջարկել էր, որ մեթադոնն ավելի էժան ձեռք բերվի, որի արդյունքում նրան գործից հանեցին, որովհետև մեթադոնի մոնոպոլիան իրենցը պետք է լինի:
Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթն օրերս տեղեկացրել էր, որ ՀՀ առողջապահության նախարարությունը պետական գնումներով մեթադոն է ձեռք բերել նախարար Անահիտ Ավանեսյանի ընտանիքի հետ կապ ունեցող՝ նրա մոր ընկերությունից.
«Ուսումնասիրելով ՀՀ առողջապահության նախարարության պետական գնումները՝ պարզվել է, որ առողջապահության նախարարի ընտանիքի հետ կապ ունեցող ընկերությունը շարունակում է պետական պատվերներ ստանալ հենց այն գերատեսչությունից, որը ղեկավարում է նախարարը։ Խոսքն Ավանեսյանի մորը՝ Մարգուշ Վարդանյանին պատկանող «Արֆարմացիա» ընկերությունում 31 տոկոս բաժնեմասին է վերաբերում։ Ընկերությունը տարիներ շարունակ զբաղվում է դեղերի և բժշկական նյութերի մատակարարմամբ»,- գրում է թերթը։
Թերթը նշել էր, որ 2025 թվականին «Արֆարմացիան» պետական բյուջեից ստացել է մի քանի խոշոր վճարում՝ առողջապահական նյութերի և դեղերի մատակարարման շրջանակում։ Պատվիրատուն եղել է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Պաշտոնական աղբյուրների համաձայն՝ 2025 թվականի ընթացքում կատարվել են հետևյալ վճարումները․
20 հունվարի 2025թ. – շուրջ 14 մլն դրամ
20 հուլիսի 2025թ. – շուրջ 30.6 մլն դրամ
09 հոկտեմբերի 2025թ. – շուրջ 38.5 մլն դրամ։
Միայն նշված 3 գործարքի շրջանակում պետբյուջեից ընկերությանը փոխանցվել է ավելի քան 80 միլիոն դրամ։ «Այդ ցանկում ներառված է նաև մեթադոն՝ թմրանյութ պարունակող դեղամիջոց, որը կիրառվում է բժշկական հատուկ ծրագրերում։ Թեև պետական գնումների համակարգը նախատեսում է մրցութային ընթացակարգեր, այնուամենայնիվ նման գործարքները խոսում են շահերի հնարավոր բախման մասին»,- գրել էր պարբերականը»:
Արթուր Խաչատրյան.– Դեղորայքն ապահովագրության անբաժան մասն է, որովհետև, օրինակ, վիրահատությունից հետո պետք է դեղորայք նշանակեն: 2250 դեղատներից ընդամենը 330-340 դեղատուն է միացել ապահովագրական համակարգին: Դեղատները չեն միանում, որովհետև մոտ 250 անուն դեղերի համար ինքնարժեքից ցածրով է պետությունը փոխհատուցում, և բիզնեսի առումով դեղատանը ձեռք չի տալիս միանալ:
1000 դրամանոց դեղի համար պետությունը 800 դրամ է տալիս դեղատանը, ո՞ր դեղատունը կուզենա այդպես աշխատել: Եվ սա այն դեպքում, որ յուրաքանչյուր դեղի վրա դեղատունը 15% պետք է դնի, որ իրեն ձեռք տա այսօրվա պայմաններում աշխատել: Շատ տնտեսվարողների գիտեմ, ովքեր իրենց հասանելիք դեղորայքի գումարը պետությունից դատարանով են ստացել… Այսինքն՝ ընկերությունն ամիսներով մատակարարել է, գումարը չեն փոխանցել, ստիպված դիմել է դատարան… և այդքանից հետո, որպես պատասխան, պետությունը տվյալ դեղատներին գցել է սև ցուցակ: Ըստ էության պետությունը գցում է բիզնեսին:
Անուշ Պողոսյան.- Մարզերում ավելի աղետալի վիճակ է: Քաղաքացին պետք է իր գյուղից 10 կմ հեռու գնա, որ գտնի դեղատուն, որն իրեն ապահովագրական դեղերը կտա, բայց կարող է և չգտնել այդպիսի դեղատուն, կամ տեղ հասնել ու դեղ չստանալ: Եվ կարևոր է հիշել, որ ապահովագրությունը պարտադիր է, 200 000 դրամ և ավելի ստացող քաղաքացիները պարտադիր ապահովագրվում են, իսկ օրինակ՝ այն քաղաքացին, որը ստանում է 199 900 դրամ աշխատավարձ, բայց ուզում է ապահովագրվել, չի կարող:
1998թ.-ից առողջապահության պարտադիր ապահովագրության առաջին հայեցակարգն է մշակվել, 2012թ.-ից շրջանառվում էր արդեն թեման, բայց նախկին իշխանությունները գնահատում էին ռիսկերը ու մտածեցին՝ այնքան կարևոր բան է, որ կամ պետք է լավ անել, կամ չանել: Այս իշխանությունն անգամ պիլոտային ծրագիր չցանկացավ անել, ծանր խնդիրներով մտան այս ծրագրի տակ, որը քաղաքացու դեմ է… Սա պայթելու է: Արդյունքում՝ 395 000 քաղաքացի ամեն տարի յուրաքանչյուրը վճարելու է 189 800 դրամ, այսինքն՝ տարեկան 54 միլիարդ դրամ հավաքելու են… Իսկ իրականում նույն պետպատվերն է, նույն գները, նույն փոխհատուցումները:
Արթուր Խաչատրյան.- Այն, որ պետպատվերը լավ բան է, չի քննարկվում, որևէ մեկը դեմ չէ, բայց սա այն ծրագիրն է, որը պետք էր անել նախապես լավ մտածելով ու ռիսկերը գնահատելով:
Անուշ Պողոսյան.- Առողջապահության նախարարը չվերլուծեց՝ ինչպես պետք է վերացնի սև շրջանառությունը, նոր անցնեն ապահովագրության, արդյունքում՝ donation-ը փոխվեց, դարձավ համավճար, բայց փաստացի կա գումարների շրջանառություն, և տնտեսվարողներն ինչ-որ կերպ գումար են աշխատում: Բանը հասել է այնտեղ, որ տնօրեններն ահաբեկում են բժիշկներին՝ հանկարծ չբողոքեք աշխատավարձերից, ասում են՝ սա է, չե՞ք ուզում, դիմում գրեք, գնացեք: Սա տեռոր է… Հիմա անցել են համաձայնագրերը փոխելուն. փոխում են բժիշկների աշխատանքային պայմանագրերը, որ քիչ գումարով աշխատեն:
Այսօր հատուկ վտանգավոր կաբինետներում աշխատող բժիշկները վտանգի տակ են: Նրանց ասվում է՝ հիվանդ կլինի, կստանաք, չէ՝ չէ, չեք ստանա: Բայց, օրինակ՝ տուբերկուլյոզի կանխարգելումը պետք է լինի կարևոր, այսինքն՝ աշխատանքի արդյունավետությունը պետք է երևա նրանից, թե որքան քիչ են տուբերկուլյոզով հիվանդները, որովհետև նրանք կանխարգելում են… Իսկ այս իշխանություններն այդ մասնագետներին ասում են՝ հիվանդ չի լինի, փող չեք ստանա… Նույնն ինֆեկցիոն հիվանդություններին է վերաբերում: Ոլորտում քաոս է…
Արթուր Խաչատրյան.– Բուժաշխատողներին տեռոր են անում, որ մարդիկ ձայն չհանեն: Բժիշկներն էլ դեռ լռում են, բայց կուլիսներում բոլորը դժգոհում են…
Անուշ Պողոսյան.- Գնում, քաղաքացիների են նկարում՝ իբր մարդիկ գոհ են ապահովագրությունից. մի դերասանի թատրոն է: Զավեշտալի դեպք եղավ վերջերս. իրենց նկարահանած տեսանյութերից մեկում քաղաքացիներից մեկն ասաց՝ շնորհակալ եմ պետությանը, լեղապարկի վիրահատության 1 800 000 դրամը փոխհատուցեց, մինչդեռ լեղապարկի վիրահատությունը 350 000 արժե: Ամոթ է, գոնե ճիշտ տեքստեր տվեք այդ մարդկանց նկարահանելուց առաջ, թող անգիր անեն…
Հայաստանում դեղերի գները լիազոր մարմինը համեմատում է Չեխիայի ու Լատվիայի դեղերի գների հետ: Ասենք ինչի՞ պիտի Հայաստանում դեղերի գներն այդ երկրների հետ համեմատվեն: Քանի դեռ չկա կարգավորիչ գնացուցակ՝ reference price, դեղերի գներն անկառավարելի են լինելու:
Բոլոր գործիքները եթե գործի դնեն, դեղերը Հայաստանում Վրաստանի համեմատ թանկ կլինեն ոչ թե 40, այլ գոնե 20%-ով:
Արթուր Խաչատրյան.- Դեղերի պետական տենդերներ են հայտարարվում, որին լուռ համաձայնությամբ մասնակցում է միայն Անահիտ Ավանեսյանի մոր ընկերությունը: Չեն մասնակցում շատերը, որ չնեղացնեն նախարարի մորն ու չզայրացնեն նախարարին:
Դեղերը ներկրվում են դոլարով, դոլարի գինն իջել է, բայց Տնտեսական մրցակցության հանձնաժողովին չի հետաքրքրում՝ ինչո՞ւ է մեկ տարի առաջ ու հիմա դեղերի գները նույնը:
Իրանը 100%-ով դեղերի առումով ինքնաբավ երկիր է: Այս պահին դեռ չի անդրադառնում պատերազմը մեր շուկայի վրա, բայց շուտով կանդրադառնա: Դեղ, բամբակ, ներարկիչներ, Vitamin C էինք ներկրում Իրանից…
Անուշ Պողոսյան.- Դեռ շատ մեծ հարց է՝ ինչպե՞ս են ծախսվելու ապահովագրության համար քաղաքացիների վճարած այդ ահռելի գումարները: Աննախադեպ բյուջեով ապահովագրական հիմնադրամ է ստեղծվել, որի վերահսկողությունը կատարում է Առողջապահության նախարարությունը: Այսինքն՝ իրենք իրենց պիտի վերահսկե՞ն…
Աշխարհում նման բան չկա՝ 200.000 և 2 միլիոն դրամ ստացող քաղաքացիները նույն ապահովագրական գումարն են վճարում: Ստացվում է՝ աղքատները վճարում են հարուստների համար:
Անհասկանալի է նաև, թե այդ ապահովագրական հիմնադրամում ովքեր են աշխատում… անհասկանալի մարդիկ են:
Ամոթ է, ոլորտի բոլոր պաշտոնական նորություններն իմանում ենք նախարարի էջի վիդեո-ռիլերից…
Արթուր Խաչատրյան.– Եթե այսպես շարունակվի, դեղորայքն ավելի է թանկանալու, որովհետև դեղատունը չի կարող առանց շահույթ աշխատել: Իրենք կսկսեն դեղորայքի գները բարձրացնել, որ բալանսավորի:
Դեղատուն գնալիս քաղաքացին ցանկալի է, որ վերցնի դրա եվրոպականը: Հնարավորության դեպքում թող նաև քիչ գնան պոլիկլինիկաներ ու ամբուլատորիաներ, որ բժիշկները շատ ծանրաբեռնված չլինեն ու ավելի որակյալ ծառայություն մատուցեն:
Անուշ Պողոսյան.– Ես մեր քաղաքացիներին խորհուրդ կտամ, որ հիվանդանոցներ գնալիս ապահովագրությամբ սպասարկվելու մերժում ստանալուց հետո անպայման պահանջեն մերժման գրավոր հիմքերը, որովհետև տեղեկություն ունենք, որ բժիշկներին ստիպում են պացիենտներին համոզել, որ վճարովի հիմունքներով բուժվեն:
Մաղթում եմ նաև, որ խոհեմ լինեն ու հունիսի 7-ին կատարեն ճիշտ ընտրություն:
Մանրամասները՝ տեսանյութում:

