Բարորակ և չարորոկ նորագոյացությունների, միզաքարերի փշրման եզակի մոտեցումը արդեն Հայաստանում է
Այսուհետ ոչ միայն ՀՀ քաղաքացիները, այլև արտերկրի մեր հայրենակիցները, ովքեր ունեն ուրոլոգիական լուրջ խնդիրներ, «Իզմիրլյան» ԲԿ-ում կստանան միջազգային նորագույն չափանիշներով սահմանված և տեխնոլոգիաների կիրառմամբ բուժում` շատ ավելի մատչելի գնով, ի տարբերություն Եվրոպայում նույն բուժման դիմաց սահմանված գների։ Սա նշանակում է, որ մեր հայրենակիցները ստիպված չեն լինի բուժման նպատակով արտերկիր մեկնելու համար լրացուցիչ ծախսեր կատարել։ Մոտ երկու ամիս առաջ «Իզմիրլյան» ԲԿ-ի ուրոլոգիական բաժանմունքը համալրվեց 1 միլիոն դոլար արժողությամբ նորագույն սարքավորումով։ Ինչը լուրջ ձեռքբերում է ոչ միայն նշված ԲԿ-ի, այլև ՀՀ-ի առողջապահության, ասել է թե՝ բնակչության առողջության բարելավման տեսակետից։ Նկատենք, որ այս պահին միզային քարերի ոչ ինվազիվ քարափշրման, ինչպես նաև ուրոլոգիական տարբեր բարդությունների լուրջ հիվանդությունների բուժման հարցով Հայաստանը նշված ոլորտում տարածաշրջանում եզակի դերակատարություն է ստանձնում՝ դառնալով խոշոր կենտրոն։ Ինչ խոսք, նման մեծ ներդրումը առողջապահության ոլորտում կարևոր առաջընթաց է` մենք փորձեցինք հասկանալ թե Ի՞նչ արդյունքներ են գրանցվել նորագույն սարքավորումների ներդրումից հետո և ինչ՞ սարքեր են դրանք։ Այս և հանրությանը հետաքրքրող մի քանի հարցերի շուրջ զրուցեցինք բ․գ․դ․ պրոֆեսոր, «Իզմիրլյան» ԲԿ- ի ուրոլոգիական կլինիկայի ղեկավար, ՀՀ ԱՆ ուրոլոգիայի գծով խորհրդատու Արթուր Գրաբսկու հետ։
- Նորագույն բուժսարքավորումների ներդրումից հետո, առավել ջանասիրությամբ ենք շարունակում մեր աշխատանքները բոլոր այն ոլորտներում, որտեղ մինչև այդ էլ մատուցվում էր ուրոլոգիական որակյալ բուժական օգնության ծառայություններ։ Գործնական բժշկության մեջ 2 ամիսը շատ կարճ ժամանակահատված է շոշափելի արդյունքներ ստանալու համար, սակայն կարելի է փաստել, որ նորագույն բուժսարքավորումների ներդրումից հետո, բուժական օգնության որակն ու արդյունավետությունը շատ ավելի բարձր է ու ոգևորիչ, և բժիշկների, և բուժառուների համար։ Ներդրվել են ամենաժամանակակից սարքավորումներ, մասնավորապես Storz Medical-ի հեռահար քարի մանրացման վերջին սարքը, էլիտար էնդոսկոպիկ սարքավորումներ Olympus-ից, ունիվերսալ հոլմիումի լազեր իտալական Quanta System ապրանքանիշից։
- Բացի միզաքարային հիվանդությունից, ուրոլոգիական ինչ՞ հիվանդությունների դեպքում են այդ տեխնոլոգիաները կիրառելի։
- Միզասեռական համակարգի բարորակ և չարորակ նորագոյացությունների, օրինակ շականակագեղձի բարորակ գերաճի կամ քաղցկեղի, երիկամների բշտերի, չարորակ ուռուցքների, բնածին արատների, ձերքբերովի հիվանդությունների դեպքում, երբ անհրաժեշտ է վերականգնել մեզի արտահոսքի խանգարման պատճառները։
- 1 մլն դոլարի ներդրում է արվել, սա խոշոր գումար է և բնականաբար այն ուղղակի ազդեցություն կունենա ցուցաբերվող ուրոլոգիական ծառայության արժեքի վրա՝ որքանո՞վ է այն հասանելի սոցիալապես անապահով խավի համար։
- Այս ներդրումով ձեռք բերած բուժսարքավորումներով ցուցաբերվող բուժօգնությունը չի նախատեսում բուժման գնային քաղաքականության որևէ փոփոխություն, հետևապես այն չի բերելու որևէ սոցիալական խմբի այս, ժամանակակից տեխնոլոգիաներով բուժման մեթոդներով բուժման անհասանելիությանը, այդ թվում պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնության ․․․․ խմբերում ընդգրկված բուժառուներին, եթե այդ միջամտությունները ներգրավված են ՀՀ առողջապահության հաստատած ցանկերում: Այնպես, որ այս ներդրումը նպատակաուղղված է միայն մի նպատակի՝ Հայաստանի Հանրապետության բնակչությանը միջազգային մակարդակի ուրոլոգիական որակյալ բուժսպասարկում մատուցելուն, այլ ոչ թե շահույթաբերությանը։ Բուժման այս նորագույն սարքավորումների օգտագործումը հակացուցում ունի։ Այս նոր, ինչպես նաև նախորդ սերնդի սարքավորումների օգտագործման մեթոդաբանությունը երբեք չի փոխվում, բուժօգնությունը ցուցաբերվում է ելնելով բուժառուի անհատական ցուցումներից և հակացուցումներից, այս կամ այն մեթոդով բուժօգնության իրականացման համար, միջազգային հեղինակավոր ուղեցույցների հիման վրա, ընտրվում է նրանց համար անհրաժեշտ և ցուցված բուժման մեթոդը, հաշվի առնելով բժշկագիտության վերջին միտումները, այսինքն՝ մատուցվում է անձնավորված բուժական օգնություն:
- Մանկահասակ բուժառուները ևս կարող են ձեզ մոտ բուժվել։
- Մեր կենտրոնում բուժվում են 18 տարեկանից բարձր բուժառուները։ Մինչև 18 տարեկան բուժառուները նախապես հետազոտվում են մանկական ուրոլոգիական ստացիոնար ունեցող բուժ հաստատություններում, միզաքարային հիվանդության ախտորոշումը հաստատելուց հետո, ուղեգրվում են մեր կլինիկա, որտեղ կատարվում է միայն միզային քարերի հեռահար քարափշրում, այդ թվում նոր սարքավորումով, որից հետո բուժառուն վերադառնում է մանկական կլինիկա։
- Ի՞նչը Դուք կկաևորեիք ընդհանուր առմամբ առողջապահական ոլորտում:
- Ժամանանակակից բուժօգնություն իրականացնելու համար անհրաժեշտ է անձնավորված մոտեցում, մասնագետների մասնագիտական որակյալ պատրաստվածություն, բուժօգնության ցուցաբերման միջմասնագիտական մոտեցում, բժշկական էթիկայի և էստեթիկայի սկզբունքների պահպանում, բուժօգնության հասանելիություն, որակյալ և անվտանգ բուժօգնություն, ցուցաբերվող բուժօգնության տեխնոլոգիական ապահովում, բուժառուների հետ հետադարձ կապի և ծառայությունների որակի մոնիտորինգ, առողջապահության կանխարգելիչ ուղղվածություն, արդյունավետ կառավարում և կազմակերպում։ Այս բոլոր բաղադրիչների համակցված կերպով իրականացումը հնարավորություն է տալու ստեղծել մի համակարգ, որը հիվանդներին ժամանակին կտրամադրի որակյալ և արդյունավետ բժշկական օգնություն:
Ժասմեն Վիլյան