ԱԺ ներկայացուցիչը դիմել է ՍԴ` Ռոբերտ Քոչարյանի գործի քննությունը հետաձգելու համար
Ազգային ժողովի ներկայացուցիչը միջնորդություն է ներկայացրել ՍԴ՝ խնդրելով հետաձգել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` հուլիսի 7-ին նշանակված գործի քննությունը։ Լուրը Facebook սոցիալական ցանցի իր էջում հայտնել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։
«ՍԴ–ում ԱԺ ներկայացուցիչը միջնորդություն է ներկայացրել ՍԴ՝ խնդրելով հետաձգել հուլիսի 7-ին նշանակված գործի քննությունը։ ՍԴ–ում ԱԺ ներկայացուցիչը խնդրել է ԱԺ-ին տրամադրել ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքների հայերեն թարգմանությունները»,–գրել է Միրզոյանը։
Նշենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով 300.1 հոդվածի սահմանադրականության հարցը որոշելու վերաբերյալ գործի քննությունը ՍԴ-ում նշանակված է հուլիսի 7-ին
Նշենք, որ օրերս Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները հետ էին վերցրել իրենց դիմումները, քանի որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հայտարարել էր, որ Սահմանադրության փոփոխությունների նախագծի սահմանադրականությունը վիճարկող ԲՀԿ-ի նախաձեռնած ստորագրահավաքին կմիանա միայն այն բանից հետո, երբ ՍԴ-ն կքննի եւ որոշում կկայացնի Ռոբերտ Քոչարյանի գործով։
Պաշտպաններն այս կերպ որոշել էին իրենց կողմից վերացնել այդ խոչընդոտը։
Այնուամենայնիվ, դեռեւս ՍԴ-ում է Երեւանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դիմումը՝ կրկին Ռոբերտ Քոչարյանի գործով։ Այս պահին անորոշ է, թե ինչ կանի ՍԴ-ն հուլիսի 7-ին։