Ցնցված էի, երբ ԵՊՀ ՈւԽ նախագահին նարկոբարոնի նման ձեռնաշղթաներ հագցրին, քաղակտիվիստներին, ծեփելով ասֆալտներին, բերման ենթարկեցին. Նաիրա Զոհրաբյան
«Ես, որպես մարդու իրավուքնների հանձնաժողովի նախագահ, պետք է անդրադառնամ մի քանի խնդիրների, որոնք ուղղակիորեն շատ ինտերակտիվ համագործակցություն են պահանջում մեր ԵՄ գործընկերների հետ»:
Այս մասին ԱԺ-ում «ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված համաձայնագիրը» խորագրով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Քրեակատարողական հիմնարկներում մենք բարելավում ունենք, բայց որպես պատգամավոր, որ գրեթե 24-ժամյա ռեժիմով կապ ունի և այցելություններ է կատարում քրեակատարողական հիմնարկներ, ես կանդրադառնամ խոշտանգումների խնդրին: Այո, ինձ համար նաև խոշտանգում է, որ հիվանդ դատապարտյալները և կալանավորները շարունակում են մնալ անազատության մեջ: Մենք, ցավոք սրտի, ունենում ենք կալանավորներ և դատապարտյալներ, որոնց հիվանդությունն անհամատեղելի է կալանքը որպես պատիժ կրելու հետ: Եվ ցավոք սրտի, մենք ունենում ենք մահեր այն պատճառով, որ շատ դժվար է մեր դատական համակարգը արձագանքում այդ իրողությանը: Արդյունքում ունենում ենք ձգձգված դատական նիստեր, ծայրահեղ առողջական վիճակում գտնվող դատապարտյալ կալանավորներ, և ունենում ենք նաև մահեր»,- ասաց նա:
Զոհրաբյանը նաև անդրադարձավ բերման ենթարկելու ձևերին:
«Բերման ենթարկելու գործընթացում ինձ սարսափելիորեն մտահոգում է, այդ մասկի շոուները, որ կազմակերպում են անձին բերման ենթարկելիս: Ես ուղղակի ցնցված էի, երբ ԵՊՀ ուսխորհրդի նախագահին նարկոբարոնի նման ձեռնաշղթաներ են հագցնում ու բերման ենթարկում, կամ քաղակտիվիստներին, ծեփելով ասֆալտներին, բերման են ենթարկում»,- ասաց նա:
Պատգամավորը նաև հույս հայտնեց, որ ԵՄ-ի հետ իրականացվող ծրագրերի շրջանակում իրավապահ համակարգում հնարավոր կլինի դրական փոփոխություններ կատարել:
«Իրավապահ համակարգը չունի կամ պիտի չունենան այլևս խնդիր Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինելու և ինքնամատույց ծառայություններ իշխանություններին մատուցելու համար: Հույս ունեմ, որ մեր գործընկերների հետ կկարողանանք այդ ոլորտների օրենսդրական սողանցքներն այնպես փակել, որ որևէ ինքնամատույց ծառայություն մատուցող օղակ չփորձի գերազանցել իր լիազորությունները», - ասաց Զոհրաբյանը:
Zham.am