«Զանգեզուրի միջանցք», թե՞ «проходной двор» (տեսանյութ)
Ի՞նչ են պահանջելու Բաքուն և Անկարան Տավուշի տարածքներից հետո:
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է․
«Հայ հասարակության ակտիվ հատվածն այսօր ապրում է Տավուշի խնդրով: Ռազմավարական նշանակություն ունեցող հայկական տարածքներն Ադրբեջանի վերահսկողության տակ հանձնելու խնդիրը, որի արդյունքում Հայաստանը կկորցնի Վրաստանի հետ կապող հաղորդակցությունների մի մասը, կվտանգի Հայաստան-Վրաստան գազատարը, փակուղու մեջ կհայտնվեն մի շարք բնակավայրեր (օրինակ՝ Նոյեմբերյանը), որտեղ ապրելը վտանգավոր կլինի, ինչպես նաև կկործանի Ադրբեջանի հետ մարտական շփման ամենապատրաստված գիծը։
Ավելին, ակնկալվող զիջումների մասշտաբներն այնքան մեծ են, որ Նիկոլ Փաշինյանը նախօրեին չկարողացավ տավուշցիներին հստակ ասել, թե կոնկրետ որտեղ է լինելու նոր սահմանը։ Սակայն խնդիրը շատ ավելի մեծ է, քան թվում է. ադրբեջանական և թուրքական լրատվամիջոցները գրեթե ամեն օր հրապարակում են քարտեզներ, որոնք արտացոլում են Բաքվի և Անկարայի իրական մտադրությունները։
Հրապարակված նյութերից, ադրբեջանցի և թուրք պաշտոնյաների մեկնաբանություններից պարզ է դառնում, որ Բաքվի և Անկարայի ծրագրերը ոչ թե Սյունիքով մեկ միջանցք ձեռք բերելն է, այլ Սյունիքի մարզն ու ողջ Հայաստանը վերածել «проходной двор»-ի։
Այսօր արդեն ակնհայտ է, որ մինչև մայիսի 15-ը տարածքներ ստանալով Տավուշի մարզում՝ Բաքուն և Անկարան կսկսեն էլ ավելի մեծ ճնշում գործադրել պաշտոնական Երևանի վրա, քանի որ համոզված են՝ Նիկոլ Փաշինյանը հավատարիմ է այն տեսակետին, ըստ որի՝ ճիշտ մարտավարություն է «հանդարտեցնել ագրեսորին»՝ կատարելով նրա պահանջները։
Բայց ի՞նչ են ուզում Բաքուն ու Անկարան։
Բացի մայրուղուց, ուզում են ՀՀ տարածքով երկաթգիծ ստանալ, նավթամուղ, գազատար և այլ հաղորդակցություններ անցկացնել։ Եվ վերահսկել դրանք Հայաստանի տարածքում։ Եվ որքան էլ Փաշինյանի «տեղեկատվական ծառաներն» ասում են, որ կոմունիկացիաները տրամադրելու դիմաց Հայաստանը կարող է գազ ստանալ Ադրբեջանից, մնում է արձանագրել, որ Բաքուն հայկական կողմի պահանջները բավարարելու մտադրություն կամ ցանկություն չունի։
Բայց եկեք մտածենք, թե ինչպիսին կլիներ իրականությունը 2021 թվականից հետո, եթե արտահերթ ընտրությունների արդյունքներն այլ լինեին․
1. Ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացը չէր տապալվի, և կպահպանվեր պատերազմից հետո ձևավորված ստատուս քվոն։
2. Չէր լինի Պրահա, և Հայաստանի կողմից Արցախի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս։
3. Եթե նույնիսկ Ադրբեջանը հարձակվեր Արցախի վրա, հայկական բանակը Արցախին միայնակ չէր թողնի ագրեսորի հետ, հեռադիտակով չէր հետևի Արցախում տեղի ունեցող էթնիկական զտումներին։
4. Ջերմուկի մերձակայքում եղած Հայաստանի տարածքները մնալու էին Հայաստանի Հանրապետության վերահսկողության տակ։
5. Ադրբեջանի հետ սահմանների սահմանազատումը խորհրդային շրջանի լեգիտիմ քարտեզներով կլիներ։
6. Սահմանազատումը տեղի կունենար այնպես, որ Տավուշում տարածքները չհանձնվեն թշնամուն առանց համաչափ զիջումների։
7. Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները ճգնաժամի մեջ չէին լինի, իսկ Իրանը Հայաստանում պոտենցիալ թշնամի չէր տեսնի։
Իհարկե, պատմությունը «եթե»-ներ չի հանդուրժում, բայց ակնհայտ է նաև, որ եթե քաղաքական փոփոխություններ հիմա տեղի չունենան, ապա այն, ինչ եղավ Հայաստանի հետ 2021 թվականից հետո ընկած ժամանակահատվածում, «лёгкая прогулка» կթվա։ Հայաստանը կդառնա «проходной двор», և 2021 թվականին Փաշինյանի թափահարած մուրճը կընկնի հայոց պետականության գլխին:
Մտածե՛ք այդ մասին…»։