Շվեդիայում ՌԴ դեսպանին կանչել են ԱԳՆ՝ «Նովիչոկ» նյութին առնչություն ունենալու մասին հայտարարության պատճառով
Շվեդիայում Ռուսաստանի դեսպանը կանչվել է Արտաքին գործերի նախարարություն՝ ռուսական կողմի հնչեցրած մեղադրանքի պատճառով, որի համաձայն՝ Շվեդիան կարող է քիմիական զենքի աղբյուր լինել:
Այս մասին հայտնում է Корреспондент-ը՝ հղում անելով շվեդական լրատվամիջոցին:
Նշվում է, որ ԱԳՆ-ում հաստատել են դեսպանին հրավիրելու մասին լուրը, սակայն չեն նշել պատճառը:
«Ես չեմ կարող մանրամասն պատմել այն մասին, թե ինչ է քննարկվելու հանդիպման ժամանակ»,- ասել է ԱԳՆ մամլո քարտուղարը:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հերքել էր, որ Ռուսաստանը զբաղվել է «Նովիչոկ» դասի քիմիական նյութի մշակմամբ, որով, նախնական տվյալների համաձայն, Բրիտանիայում թունավորել են ռուսական հետախուզության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալին և նրա դստերը:
Զախարովան միևնույն ժամանակ թվել էր այն երկրները, որոնք կարող են այդ նյութի արտադրման աղբյուր լինել, որոնց թվում էր նաև Շվեդիան:
Աղբյուր՝ Tert.am