Կինը դանակահարել է մորն ու քրոջը
Օրերս արտառոց դեպք է արձանագրվել Երևանում. մի կին դանակահարել է մորն ու քրոջը: Ինչպես հաղորդում է shamshyan.com-ը, հոկտեմբերի 6-ին, ժամը 17:40-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ՆԳՆ ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ «զույգ վերին վերջույթների կտրած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի։
Կարճ ժամանակ անց՝ նույն բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ գոտկային շրջանի ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը: Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորները ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում են վիրահատարանում։
Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորների կյանքի համար, ոստիկանները պարզել են, որ նրանք Երևանի բնակիչներ՝ 79-ամյա Ա.-ն և 45-ամյա Լ.-ն են: Ըստ նույն աղբյուրի, ոստիկանները պարզել են նաև, որ նրանց դանակահարել է Երևանի բնակիչ 48-ամյա Է-ն։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորները Է.-ի մայրն ու քույրն են: