«Ո՞վ ասեց, որ մեր Հայրենիքը միայն մեկ անգամ ենք պարտավոր ազատագրել». Թևան Պողոսյան

«Պապս անգամ առաջին աշխարհամարտն էր հիշում. թևանիստների մասին էր պատմում: Հայրենական մեծ պատերազմը տեսավ. նրա չորս եղբայրներից երկուսը մինչև Բեռլին հասան, ինքը Ֆիննական պատերազմում էլ հասցրեց կռվել: Հենց պարապ ականջ էր գտնում, շատ ավելի երկար պատմում էր Արցախյան ազատամարտի մասին, Ղարաբաղի անկախության օրվա մասին:
Պապս նախորդ դարի բոլոր պատերազմների ու բոլոր հաղթանակների մարմնավորողն էր: Մահացավ արդեն այս դարում. իր հետ տարավ բոլոր պատերազմների ցավերը, մեզ թողեց բոլոր հաղթանակների բերկրանքների մասին իր հուշերը: Այդ հուշերի մեջ անընդմեջ նույն արտահայտությունն է կրկնվում. «Մայիսի 9»: Մայիսի 9-ի հետ միշտ գալիս են նաև երկու հատուկ անուններ` Բեռլին և Շուշի: Իսկ Բեռլինի ու Շուշվա հետ` տղերքը, հաղթանակ, թշնամին, հպարտություն և այլն...
Հիմա պապիս հուշերն իմն են արդեն: Անպայման փոխանցելու եմ որդուս: Վստահ եմ, որ հայրս նույնպես, Արցախյան ազատամարտում իր մասնակցության մասին հուշերը կփոխանցի որդուս: Շատ եմ ուզում, որ հպարտանա Մայիսի 9-ով, շատ եմ ուզում, որ հասկանա ու միշտ հիշի Մայիսի 9-ի խորհուրդը: Հիմա պարտավոր ենք այնպես անել, որ ինքն էլ պատրաստ լինի նոր Մայիսի 9-ը կերտել: Կեցցե՛ն մեր հերոս պապերն ու հայրերը, եղբայրներն ու քույրերը: Խոնարհո՛ւմ զոհված տղերքի շիրիմներին: Եվ ով ասեց, որ մեր Հայրենիքը միայն մեկ անգամ ենք պարտավոր և կարող ազատագրել։
Հաջորդ տարի Շուշիում»
Թևան Պողոսյանի ֆեյսբուքյան էջից