Վրաստանում ընտրություններից չորս օր առաջ, գրեթե բոլոր կողմերի հարցումներով, հաղթանակ է տանում իշխող «Վրացական երազանքը»
Մոլդովայի ընտրության արդյունքներից հետո արդեն ոչ ոք չի հավատում ամերիկյան ու եվրոպական հարցում անցկացնող ընկերությունների կանխատեսումներին, և այդ շարքում բացառություն չեն կազմում նաև վրացիները:
Ահա թե ինչու, ընտրությունից առաջ, այդ երկրում սկսեցին կանխատեսումներով հանդես գալ այդ երկրի քաղաքական ուժերի ներկայացուցիչները:
Ֆորմալ տեսանկյունից, որպեսզի այն կուսակցական ձև չստանա, այդ հարցումների արդյունքները ներկայացվում են, իբրև TV -ների կողմից անցկացված հարցման տեսքով:
Եվ այսպես ներկայացնենք, թե ինչ արդյունքներ են ներկայացնում հիմնական քաղաքական խաղացողները:
«Վրացական երազանքի» տվյալները
Այս ուժը իր արդյունքները ներկայացնում է, իբր IMEDI TV-ով անցկացված հարցումների տեսքով, որտեղ հետևյալ պատկերն է ստացվում.
-«Վրացական երազանք» («Վրացական երազանք», «Ժողովրդի իշխանություն»)՝ 59,5%;
-«Միասնությունը ազգային շարժում է» («Միացյալ ազգային շարժում», «Ագմաշենեբելի ռազմավարություն», «Եվրոպական Վրաստան») - 13,6%;
-«Փոփոխությունների կոալիցիա» («Ախալի», «Գիրչի՝ ավելի շատ ազատություն», «Դրոա»)՝ 10,3%։
Հիշեցնենք, որ «Վրացական Երազանքը» իշխող թիմն է ներկայացնում, «Միասնություն-Ազգային շարժումն է» միավորումը ներկայացնում է Սաակաշվիլիի թիմակիցներին, իսկ «Փոփոխությունների կոալիցիան» Սաակաշվիլիի նախկին թիմակիցներն են, ովքեր հանդես են գալիս հետևյալ կարգախոսով՝ վաղվա Վրաստանը պետք է վերադառնա Սաակաշվիլիի ժամանակվա բարքերին, սակայն առանց Սաակաշվիլիի:
Սաակաշվիլու կողմնայիցների տվյալները
Այս ուժը իր արդյունքները ներկայացնում է, իբր FORMULA TV-ով անցկացված հարցումների տեսքով, որտեղ հետևյալ պատկերն է ստացվում.
- «Վրացական երազանք» («Վրացական երազանք», «Ժողովրդի իշխանություն») – 33 %;
- «Միասնությունը ազգային շարժում է» («Միացյալ ազգային շարժում», «Ագմաշենեբելի ռազմավարություն», «Եվրոպական Վրաստան»)՝- 19 %;
- «Փոփոխությունների կոալիցիա» («Ախալի», «Գիրչի՝ ավելի շատ ազատություն», «Դրոա»)՝ -13%։
-«Ուժեղ Վրաստան» («Լելոն Վրաստանի համար», «Ժողովրդի համար», «Ազատության հրապարակ», «Քաղաքացիներ») – 12 %;
-«Վրաստանի համար»՝- 11 %
Այս արդյունքների շարքում, ի տարբերություն իշխանության տարբերակի, ավելացվել են նոր երկու ուժեր. Ուժեղ Վրաստանը և Վրաստանի համար, միավորումները:
Ուժեղ Վրաստանի հետևում կանգնած է բանկիր Խազարաձեն, ով նաև ռեսուրսներով է աջակցում, ով նախկինում ամերիկացիների հետ հաղթել էր Անակլիայի նավահանգստի կառուցման համար մրցույթը, սակայն հայտնի պատճառներով իշխանությունը անվավեր էր հայտարարել այդ մրցույթի արդյունքները և Անակլիայի նախագիծը հանձնել էր չինացիներին:
Իսկ Վրաստանի համար քաղաքական ուժը ձևավորվել էր նախկին ՆԳ նախարար և այնուհետև վարչապետ Գախարիայի շուրջ և հանդես է գալիս, այսպես կոչված «ոչ նախկին-ոչ ներկա» կարգախոսով:
Ի դեպ նմանատիպ կարգախոսով է հանդես գալիս նաև «Ուժեղ Վրաստանը», ով ինչպես նշեցինք աջակցվում է բանկիր Խազարաձեի կողմից:
Սաակաշվիլիի թիմին մոտ կանգնած FORMULA TV-ի հարցումներով նույնպես իշխող ուժը հավաքում է ձայների մեծամասնությունը, սակայն ըստ այս հարցման տվյալների, ստիպված պիտի լինի կազմել կոալիցիա այլ ուժերի հետ: Իսկ անհաջողության դեպքում, դա կանի իր գլխավոր մրցակիցը: Հենց դրա համար էլ ներկայացվել են այս թվերը:
Սաակաշվիլու նախկին թիմակիցների տվյալները
Ինչպես հայտնի է, Սաակաշվիլիի թիմը բաժանվել էր երկու մասի, մի մասը որպես լիդեր համարում էր Սաակաշվիլիին, իսկ մյուս մասը կարծում էր, որ Սաակաշվիլիից պետք էր հրաժարվել, քանի որ նրա հակավարկանիշի վրա է հիմնականում հենվում այսօրվա իշխող թիմը:
Այս տեսակետին է նաև Mtavari Arxi TV -ն, որն էլ իրենց հարցման տվյալներն է ներկայացրել, որտեղ հետևյալ պատկերն է.
-«Վրացական երազանք» («Վրացական երազանք», «Ժողովրդի իշխանություն») – 36 %;
-«Փոփոխությունների կոալիցիա» («Ախալի», «Գիրչի. ավելի շատ ազատություն», «Դրոա»)՝ 18 %;
- «Միասնությունը ազգային շարժում է» («Միացյալ ազգային շարժում», «Ագմաշենեբելի ռազմավարություն», «Եվրոպական Վրաստան»)՝ 14 %;
-«Վրաստանի համար» – 10 %;
-Ուժեղ Վրաստան» («Լելոն Վրաստանի համար», «Ժողովրդի համար», «Ազատության հրապարակ», «Քաղաքացիներ») – 8 %։
Հասկանալի պատճառով, Սաակաշվիլիի նախկին թիմակիցները իրենց թիմին են ներկայացնում, որպես հիմնական ընդիմադիր ուժ, որը նույնիսկ 4 տոկոսով ավելի ձայն ունի, քան՝ Սաակաշվիլու թիմը, ինչը վստահելի չէ, գրեթե ոչ մեկի համար:
Հասկանալի է, որ բոլոր այս ներկայացված թվերը սուբյեկտիվ բնույթ ունեն: Եթե փորձենք միջինացնել այս տվյալները և միջին թվաբանական բանաձևի միջոցով հաշվել, ապա կարող ենք ստանալ իրականությանը մոտ թվեր:
Եվ այսպես, ըստ այդ մոտեցման հավանական կարող է լինել հետևյալ պատկերը.
-«Վրացական երազանք»,- 43 % սահմաններում
-Սաակաշվիլիի թիմը,- 16 % սահմաններում
-«Փոփոխությունների կոալիցիան» (նախկին սաակաշվիլիականները) - 13 % սահմաններում
- «Ուժեղ Վրաստան»,- 10 % սահմաններում
-«Վրաստանի համար»,- 9 % սահմաններում
Սակայն ընտրական գործընթացում, հատկապես վերջին պահին սկսում է գործել ավելի շատ սև-սպիտակ տրամաբանությունը, և ռիսկ կանենք կանխատեսել, որ դրա արդյունքում ավելի մեծ թիվ կհավաքեն Իվանիշվիլու «Վրացական երազանքն» ու Սաակաշվիլու «Միասնությունը»:
Եթե Մելիային և իր թիմակիցներին մինչ այս ընտրական ցիկլը հաջողվեր դառնալ գլխավոր ընդդիմադիր ուժ, ապա նրանք կկարողանային հանրությանը համոզել, որ գալիս են կյանքի կոչելու «Սաակաշվիլու ժամանակների վերադարձ, սակայն առանց Սաակաշվիլու» բանաձևը: Սակայն երբ Սաակաշվիլի-Իվանիշվիլի հակադրությունը ստացավ սուր աշխարհաքաղաքական բնույթ, Մելիան և իր թիմակիցները չկարողացան իրենց քաղաքական միտքը գերակա դարձնել երկրում: Ահա թե ինչու Սաակաշվիլու թիմը մնաց որպես գլխավոր մրցակից, և ուրեմն ինքն էլ կստանա որպես սպարինգ-գործնկեր ընտրական լրացուցիչ բոնուսները:
Ինչ վերաբերվում է մյուս ուժերին, բանկիր Խազարաձեի «Ուժեղ Վրաստանին» և Գախարիայի «Վրաստանի համար» ուժին, ապա նրանք օբյեկտիվ կարգով չէին կարող դառնալ գլխավոր ընդդիմադիրը:
Բանկիրի առաքելությունը զուտ տնտեսական բնույթ ունի, իսկ Գախարիան այդպես էլ չկարողացավ բացատրել հանրությանը, թե ինչով է ինքը տարբերվում «Վրացական երազանքի» ներկայացուցիչներ՝ Կոբախիձեից և Ղարիբաշվիլուց:
Հենց դրա համար էլ Իվանիշվիլու թիմին հաջողվեց քաղաքական պայքարը դարձնել Իվանիշվիլու և «կոլեկտիվ Սաակաշվիլի» բնույթի հակադրություն, որտեղ Իվանիշվիլին և իր թիմակիցները օգտագործեցին իրենց գաղտնի զենքը՝ Սաակաշվիլիի հակավարկանիշը, և որի արդյունքում նրանք կհասնեն հաջողության:
Սա է իրականությունը:
Արտակ Հակոբյան
Zham.am