Ոչ մի տարբերություն Վարդենիսի ու Ստեփանակերտի միջև
Գեղարքունիքում էինք, այդ թվում նաև սեպտեմբերի 13-ից հետո սահմանապահ դարձած բնակավայրերում: Երևանից ընդամենը 160 կմ կամ մոտ 2 ժամ հեռավորության վրա գտնվող բնակավայրերում այլ իրականություն է: Բնակիչներից մեկն ասում է.
«Կանայք էրեխուն քնացնում են, բայց աչքը վրան են պահում, որ հենց բան լինի, միանգամից վերցնեն ու տանից դուրս գան»: Այս իրականությունում կա ամեն ինչ, բացի պետությունից, որի ներկայությունը պետք է դրսևորվի իր քաղաքացիներին պաշտպանելու նվազագույն պարտավորության կատարմամբ: Նկարում սեպտեմբերի 13-ի ռազմական գործողությունների արդյունքում զոհված Արեգունի գյուղի բնակիչ Վահագն Հակոբյանի երեխաների հետ եմ: Զոհվածի մայրն ասում է. «Ես միայն արդարություն եմ ուզում»: Այս տանից մի փոքր հեռու մեկ այլ տուն էլ կա, անհետ կորած համարվողի տունը: Անհետ կորած, ում ենթադրյալ մարմնի գտնվելու վայրը հարազատները գիտեն, բայց այն չեն կարողանում դուրս բերել Հայաստանի ինքնիշխան, բայց թշնամու փաստացի վերահսկողության տակ գտնվող հատվածից: Եվ ոչ մի տարբերություն Հայաստանի Վարդենիս քաղաքի կամ Արցախի Ստեփանակերտի միջև:
Երկու տեղում էլ իրենց տունը լքել չցանկացող, այն պաշտպանելու պատրաստ, բայց մենակ մնացած մարդիկ են: Քաղաքացիներին պաշտպանելը պետության առաջնային պարտականությունն է, բայց մեր դեպքում փաստացի ղեկավարող ուժը հրաժարվել է իր առաջնային պարտականությունից` այդպիսով խզելով քաղաքացու և պետության միջև գոյություն ունեցող պայմանագիրը: Այս պարագայում այս հոգսը մնում է անհատների ու ազգային ուժերի լուծման դաշտում: Սա էլ արդեն առանձին զրույց է այն մասին` ինչպես կարող են ազգային ուժերը ձեռք բերել անհրաժեշտ ռեսուրս կարևոր խնդիրներ լուծելու և ենթակառուցվածքներ ստեղծելու համար: Ամեն դեպքում մի բան պարզ է. յուրաքանչյուրիս համար գործելու հսկայական դաշտ կա:
Քրիստինե Վարդանյանի ֆեյսբուքյան էջից