«Ամեն երեկո Եռաբլուրում ինձ են մոտենում հերոսածին մայրեր ու բարևելով շշնջում». Կարին Տոնոյան
«Անճարությունից դեպի անկոտրում պայքար
Ամեն երեկո Եռաբլուրում ինձ են մոտենում հերոսածին մայրեր ու բարևելով շշնջում.
- Շնորհակալություն, որ այդքան ուժեղ եք, մեր տեղն էլ պայքարեք, ես այդքան ուժեղ չեմ...
- Ինձ համար միևնույն է վաղվա ճակատագիրը..... եթե որդիս չկա, մնացածն էլ կարևոր չէ....
- Ես չեմ կարողանում ապրել, ուր մնաց պայքարել....
- Ի՞նչ անենք, ասեք, վրեժը մթագնել է ուղեղս, սիրտս, հոգիս....ոչինչ չեմ ուզում վրեժից բացի...
- Ի՞նչ իմաստ ունի էլ ապրելը, երբ մեր երեխեքի կյանքն էլ, մահն էլ արժեզրկեցին....
....և շարունակվում է Հայրենիքին զավակ տված հերոսածին մայրերի անտերության ու անճարության սգահանդեսը.....
Եվ ուզում եմ շշնջալ ու գոռալ միաժամանակ.
- Ես բոլորովին էլ ուժեղ չեմ, քույրեր, իմ սիրտն էլ ձեր սրտի պես դադարել է բաբախել, իմ հոգին էլ ձեր հոգու պես նվում է անճարությունից, իմ աչքերն էլ ձեր աչքերի պես ցամաքել են արցունքներից.....
Բայց իմ անճարությունից խելագար ցասում է միայն ծնվում.
- Ոչ ոքի, ոչ ոքի թույլ չենք տալու իմաստազրկել մեր որդիների անգին զոհաբերությունը....
Կա Տիեզերական արդարություն, պիտի՛ լինի, հակառակ դեպքում ամեն ինչ արժեզրկվում է կյանքում, և մեր՝ այսքան թանկ վճարած մայրերիս պատասխանը պիտի լինի նույնքան թանկ՝ Հայաստանի նոր հաղթանակը...
Եվ այդ օրը գալու է»:
Կարին Տոնոյանի ֆեյսբուքյան էջից