Պարզվել է՝ ինչից էին թունավորվել Երևանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված միջոցառման հյուրերը
Պարզվել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը հուլիսի 14-ին՝ Ազգային տոնի առիթով կազմակերպված ընդունելության որոշ հյուրերի մոտ սննդային թունավորման պատճառը։
«Արձանագրվել են մեր գործընկերներից մեկի, ինչպես նաև վերջինիս մի շարք մատակարարների կողմից սանիտարական կանոնների խախտումներ։ Ապագայում Ֆրանսիայի դսպանությունն այլևս չի օգտվի նրանց ծառայություններից։
Ֆրանսիայի դեսպանությունը շնորհակալությունէ հայտնում Հայաստանի առողջապահական մարմիններին՝ անցկացված հետաքննության համար»,- հայտնում են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատնից։
Ավելի վաղ հաղորդել էինք, որ հուլիսի 14-ին դեսպանատանը նշվել էր Ֆրանսիայի ազգային տոնը, որին հրավիրված էին եղել մեծ թվով հյուրեր, այդ թվում՝ քաղաքական, հանրային գործիչներ, դեսպաններ և այլք։ Հյուրասիրությունը կազմակերպվել էր Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի կողմից:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հուլիսի 17-ի երեկոյան «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ից ստացել էր հաղորդագրություն այն մասին, որ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» և «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» հիվանդանոցներ են դիմել 10 քաղաքացի «սուր աղիքային վարակ» ախտորոշմամբ: Համաճարակաբանական հետազոտությամբ պարզվել էր, որ բոլոր բուժառուները հուլիսի 14-ին մասնակցել են Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի՝ Բաստիլի գրավման օրվա, առթիվ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելությանը, որի ընթացքում օգտվել են բակում մատուցված հյուրասիրությունից (ֆուրշետ), մասնավորապես՝ «Շաուրմա», «Պեպերոնի» տեսակի պիցցա, փայտիկների վրա պատրաստված խոզի խորոված, հավ, ելակ և ծովամթերքով՝ սաղմոն տեսակի ձկով, բրուսկետա սննդատեսակներից։

