Արցախի դպրոցներում դիմակի կրումը կլինի ցանկալի, ո՛չ պարտադիր
Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցներում, նախակրթարաններում ու մանկապարտեզներում ուսումնական գործընթացը եւս կվերսկսվի սեպտեմբերի 14-ից՝ առկա ուսուցման ձեւաչափով: Իսկ երաժշտական, արվեստի դպրոցներում, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոններում սկսվել է սեպտեմբերի 1-ից:
Ինչ վերաբերում է նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթական հաստատություններին, ապա այստեղ ուսումնական գործընթացը կվերսկսվի սեպտեմբերի 14-ից՝ առկա ուսուցման ձեւաչափով:
Մագիստրատուրայի կուրսերում կրթական գործընթացի կազմակերպման ձեւաչափը թողնվել է բուհերի հայեցողությանը. գործընթացը կարող է կազմակերպվել կենդանի, հեռավար կամ հիբրիդային տարբերակով:
Ուսումնական հաստատությունում սահմանվում է 6-օրյա աշխատանքային ռեժիմ՝ դասաժամի 40 րոպե տեւողությամբ: Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում դասաժամի տեւողության սահմանումը թողնվում է տնօրինության հայեցողությանը։
Ինչ վերաբերում է հանրակրթական ուսումնական հաստատություններում դիմակ կրելու-չկրելու հարցին, ապա ԱՀ նախագահի հետ կայացած խորհրդակցության ժամանակ որոշվել է դիմակի կրումը դարձնել ցանկալի, բայց ո՛չ պարտադիր։