Հետհաշվարկը սկսված է
«Հրապարակ օրաթերթը» գրում է․ «Արցախի Հանրապետության պետական կառույցները 2024 թ․ հունվարի 1-ից կդադարեն գոյություն ունենալ։ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի՝ երեկ ստորագրած հրամանագիրը կրակի դադարեցման եւ հայ բնակչությանն Արցախից տարհանելու գինն էր։ «ԼՂ բնակչությունը, այդ թվում՝ հանրապետությունից դուրս գտնվող բնակչությունը, սույն հրամանագրի ուժի մեջ մտնելուց հետո ծանոթանում է Ադրբեջանի ներկայացրած վերաինտեգրման պայմաններին՝ ապագայում ԼՂ-ում մնալու (վերադառնալու) հնարավորության մասին անհատական որոշում կայացնելու նպատակով»։
Արցախից տեղեկացանք, որ մինչեւ հունվարի 1-ը բոլոր գերատեսչությունները փաստացի գոյություն կունենան, իհարկե, բնականոն աշխատանք չի ծավալվի՝ դրա անհնարինության պատճառով, քանի որ բնակչության կեսից ավելին արդեն բռնի տեղահանվել է Հայաստան։ Իսկ հրամանագրով հունվարի 1-ն է ամրագրվել, որ պետական գերատեսչությունների աշխատակիցները գոնե մի երեք ամիս աշխատավարձ ստանան։ Ի դեպ, երեկ ՀՀ իշխանական շրջանակները նողկալի հրապարակումներ էին անում, թե ինչու է հունվարի 1-ը նշվել հրամանագրում, իբրեւ թե Արցախի իշխանությունը սրանով որոշել է հարամել մարդկանց Նոր տարին, որ մարդիկ ասեն՝ այս մի տոնն էլ Նիկոլ Փաշինյանը սգի վերածեց»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում