«Իշխանություններն արտաքին ճակատից երաշխիքներ են ակնկալում». Արման Աբովյան
«Թուրք-ադրբեջանական ահաբեկչական ուժերը (այսպես կոչված ադրբեջանի ԶՈՒ) շարունակում են հետևողական իրականացնել «խաղաղության դարաշրջանի» հայաստանյան իշխանության կոնցեպտը։ Այսինքն, շարունակական աճում են Հայաստանի և Արցախի տարածքների գնդակոծությունները և շարունակվում է Հայաստանի հանդեպ ռազմական շանտաժի իրականացումը։ Այն, որ ադրբեջանը չի դադարի մեր ուղղությամբ ոտնձգությունների շարքը, դա ակնհայտ է և այսպես կոչված «խաղաղության համաձայնագիրը» թուրք-ադրբեջանական կողմի համար դիտարկվում է ընդամենը որպես Արցախի ոչնչացման և Հայաստանի մասնատման իրավական գործընթացի ամրագրում։ Հասկանո՞ւմ է սա Հայաստանի ներկայիս իշխանությունը։ Համոզված եմ՝ այո՛։
Ինչո՞ւ է այդ դեպքում այնուամենայնիվ շարունակում իր պետականակործան քաղաքականությանը։ Կարծում եմ՝ մենք ականատես ենք դասական «աթոռապահպանական» գործընթացի, այսինքն իշխանությունները փաստացի հանձնելով հայ ժողովրդի կենսական շահերը ակնկալում են արտաքին ճակատից իրենց իշխանության պահպանման երաշխիքներ»:
Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից