Վերաքննիչ դատարանը Հայաստանի պատմության մեջ ամենախայտառակ որոշումներից մեկն է կայացրել՝ կրկին կալանավորել Գորիսի փոխքաղաքապետին՝ 5 անչափահասների հորը. պաշտպան
Վերաքննիչ դատարանը՝ դատավոր Սևակ Համբարձումյանի նախագահությամբ ՀՀ պատմության մեջ ամենախայտառակ, ամենաամոթալի որոշումներից մեկն է կայացրել՝ կալանավորել Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հովսեփյանի պաշտպաններից Արմեն Մելքոնյանը:
«Սևակ Համբարձումյանը բեկանել է առաջին ատյանի դատարանի որոշումը, վերացրել է գրավը, և կալանքի որոշում կայացրել: Այդ մարդը որոշել է, որ 2-րդ խմբի հաշմանդամ, 5 անչափահասի հայրը պիտի կալանավորվի, ու բոլորս այս ամենը հանդուրժողներն ենք:
Մենուան կալանավորելու է նրա համար, որ դատարանից զանգում էր, որ Որոտան գյուղի բնակիչները հարցը լուծեր, որովհետև որ ադրբեջանցիները Գորիս-Կապան ճանապարհին սահմաններ են դնում, այդ մարդիկ մնում են ճանապարհին, այդ մարդկանց հացը մնում է ճանապարհին»,-ասաց պաշտպանը:
Նա հայտնեց, որ օրենքով սահմանված բոլոր գործողությունները կատարելու են Մենուա Հովսեփյանի նկատմամբ կատարած ամոթալի որոշումը փոխելու համար:
Նշենք, որ Մենուա Հովսեփյանը կալանքից ազատ էր արձակվել հոկտեմբերի 15-ին՝ 30 մլն դրամ գրավի դիմաց:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 20-ին և 21-ին Սյունիք կատարած այցի ընթացքում մարզի մի շարք համայնքներում բողոքի ակցիաներ են տեղի ունեցել, որոնց առթիվ հարուցվել է քրեական գործ՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու և խուլիգանության հոդվածներով։ Այս պահին քրեական գործի շրջանակներում մի խումբ անձինք գտնվում են Քննչական կոմիտեում, որոնց թվում է նաև Մենուա Հովսեփյանը։