Գնացքների երթեւեկությունը կասեցված է մինչեւ գծերի արգելափակման վերացումը. ՀԿԵ
Քաղաքացիների կողմից երկաթուղային գծանցների արգելափակման պատճառով «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն՝ ՀՀ Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հետ համաձայնեցմամբ, ժամանակավորապես դադարեցնում է բեռնափոխադրումների եւ ներհանրապետական ուղեւորափոխադրումների իրականացումը՝ մինչեւ արգելափակումների վերացումը:
ՀԿԵ-ից Zham.am-ին հայտնում են, որ ՀԿԵ ՓԲԸ-ի համար առաջնահերթ է քաղաքացիների, ուղեւորների եւ բեռների անվտանգությունը, որը անհնար է լիովին կերպով երաշխավորել ստեղծված պայմաններում՝ հաշվի առնելով գծերի արգելափակումներն ու երկաթուղային տրանսպորտի աշխատանքի միջամտությունը:
Գնացքների շարժը կասեցված է այդ թվում երկաթուղային գծերն արգելափակած քաղաքացիների անվտանգության ապահովման համար, քանի որ երկաթուղային տրանսպորտը հնարավոր վտանգի դեպքում չի կարող անհապաղ կանգնել. մարդատար էլեկտրագնացքի արգելակման ուղին կազմում է 800 մետր, իսկ բեռնատարինը՝ մոտ 1000 մետր:
Կոչ ենք անում չ՛խոչընդոտել Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող երկաթուղային տրանսպորտի բնականոն աշխատանքը եւ պահպանել անվտանգության կանոնները:
Ներողություն ենք խնդրում անհանգստությունների համար եւ հայցում մեր ուղեւորների եւ բեռնափոխադրողների ներողամտությունը: