«Գազպրոմբանկը» հրաժարվել է պատերազմի արդյունքում Ադրբեջանին անցած տարածքներում որոշ ծրագրերի վարկավորում իրականացնել
Ռուս-ադրբեջանական էներգետիկ համագործակցությունը գնալով տրանսֆորմացվում է էներգետիկ պատերազմի:
Նախ՝ մոտ 1 ամիս առաջ Բաքուն հայտարարեց, որ չի պլանավորում ռուբլով վճարել Ռուսաստանից ներկրվող բնական գազի դիմաց (տարեկան 1,5-2 մլրդ խմ): Ու թեև դրան չհետևեց Մոսկվայի հրապարակային պատասխանը, սակայն որոշ աղբյուրների փոխանցմամբ՝ ռուսական կողմը, մասնավորապես՝ «Գազպրոմբանկը» հրաժարվել է պատերազմի արդյունքում Ադրբեջանին անցած տարածքներում որոշ ծրագրերի վարկավորում իրականացնել:
Օրերս էլ հայտնի դարձավ, որ Բաքուն որոշել է դադարեցնել նավթի մատակարարումը ռուսական «Տատմեֆտին» պատկանող Բաքու-Նովորոսիյսկ նավթամուղով՝ արտահանելով այդ ծավալը (մոտ 170 հազ. տ) Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով՝ դեպի Միջերկրածովյան շուկաներ: Պատճառը ևս հայտնի է. «Տատնեֆտը» որոշել է տարանցման համար նախատեսված վճարները գանձել բացառապես ռուբլով:
Մի քանի օր անընդմեջ SOCAR-ի ներկայացուցիչները պնդում են, որ այս որոշումն ունի բացառապես կոմերցիոն նշանակություն: Պարզ է, սակայն, որ մեծ կոմերցիան, այն էլ՝ էներգետիկ ոլորտում, որպես կանոն կառուցված է քաղաքական նպատակների ու շահերի վրա:
Վահե Դավթյանի ֆեյսբուքյան էջից