Ամենայն Հայոց Կաթողիկոսը այցելել է Տավուշում վիրավորված զինծառայողներին. Լուսանկար
Հուլիսի 21-ին այցելեցինք ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ` տեսակցելու վերջին օրերին Տավուշում՝ հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողությունների ընթացքում վիրավորում ստացած զինծառայողներին, մեր օրհնությունն ու շուտափույթ ապաքինման բարեմաղթանքները բերելու մերօրյա հերոս զինվորներին։
Մեր խոնարհումը և բարձր գնահատանքը բերելով քաջարի հայորդյաց իրենց ոգու համար՝ մասնավորապես նշեցինք․ «․․․Ձեր սխրագործությունները պիտի հիշվեն մեր ժողովրդի պատմության բոլոր ժամանակներում։ Ձեր սխրագործություններով սերունդներ պիտի կրթվեն ու դաստիարակվեն։ Այդ սերունդներն են, որ պիտի հասակ առնեն նույն ոգով, նվիրումով և նույն հանձնառության գիտակցությամբ պիտի իրենց ծառայությունը բերեն մեր Հայրենիքին։ Ինչպես այսօր դուք, նաև ապագա սերունդները պիտի գիտակցեն, որ Հայրենիքն է մեր ուժը, զորությունն ու գոյության երաշխիքը։
․․․Դուք նոր ոգի ներշնչեցիք մեր ժողովրդին, հաղթության ոգի և ձեր առ հայրենին սերը վստահաբար ոգևորում և խանդավառում է յուրաքանչյուր հայորդու»։