«Հայելի» ակումբին պատճառվել է և նյութական, և բարոյական վնաս. Զարուհի Փոստանջյան. Տեսանյութ
«Հայելի» մամուլի ակումբի վրա հարձակման դեպքով դեռ նախաքննությունը չի ավարտվել: Այս մասին այսօր` դեկտեմբերի 2-ին, հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Հայելի» ակումբի նախագահ Անժելա Թովմասյանի շահերի պաշտպան Զարուհի Փոստանջյանը:
«Ընդհանուր առմամբ նման գործերի համար 2 ամիսը բավարար էր, որ նախաքննության ավարտը հայտարարվեր և գործն ուղարկեին դատարան: Պարզվում է, որ դեռ նախաքննությունը պետք է շարունակվի։ Պարզվում է, որ բավարար չի եղել նաեւ, որպեսզի մեղադրանք առաջադրվի խուլիգանության եւ բացահայտ խտրական վերաբերմունք արտահայտելու դեպքերի հետ կապված։ Ընդհանուր առմամբ մենք այս ամենը դիտարկում ենք ոչ թե միայն լրագողի աշխատանքի խոչընդոտել, այլ նաեւ խուլիգանական արարք, որովհետեւ հարձակում է տեղի ունեցել «Հայելի» ակումբի գրասենյակի վրա։ Հարձակումն էլ տեղի է ունեցել խուլիգանական արարքի միջոցով եւ հանրային կարգն է խախտվել այս արարքով։ Այս մասով մենք միջնորդություն ենք ներկայացրել քննչական կոմիտեի տվյալ բաժնի քննիչին, սակայն քննիչը պատասխանել է, որ այս պահին միջնորդությունը չի քննարկվելու, եթե կլինեն բավարար հիմքեր, միջնորդությունը նոր կքննարկվի եւ հնարավոր է բավարավի։ Բացի սա, մենք պահանջել էինք նաեւ, որ «Հայելի» ակումբը տուժող ճանաչվի, որովհետեւ ոչ միայն լրագրողն է տուժում իր մասնագիտական գործունեությունը ծավալվելու հարցում, այլ նաեւ հենց «Հայելի» ակումբը՝ որպես իրավաբանական անձ։ «Հայելի» ակումբին պատճառվել է եւ նյութական, եւ բարոյական վնաս»,- ասաց Զարուհի Փոստանջյանը:
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ 4 երիտասարդ (Դավիթ Հովհաննիսյան, Սարգիս Մանուկյան, Արտակ Մարգարյան և Հայկ Ստեփանյան) ձվեր են նետել «Հայելի» մամուլի ակումբի դռան վրա: Նրանցից մեկը, ով ներկայացել է որպես Հայաստանի քաղաքացի Դավիթ Հովհաննիսյան, ասել է, որ բողոքի ակցիա են իրականացնում, իսկ պատճառն այն է, որ Hayeli.am-ով տարածվել էր մի հոդված, որը վերնագրել էին՝ «Ալիեւի ուշացած, բայց հուժկու պատասխանը Փաշինյանին»:
Zham.am