«Վերնատունը» պետք է փորձել մերան դարձնել, միավորող ուժ բոլոր այն աշխատող մարդկանց համար, որոնք ի վիճակի են որակ ձևավորել․ Թաթուլ Մանասերյան
Այս մասին այսօր՝ նոյեմբերի 15-ին, «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի համաժողովի ժամանակ իր ելույթում ասաց տնտեսագետ, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը:
Մանասերյանն իր ելույթում նշեց, որ հնչեցված կոչերը մեծ իմաստ չեն պարունակի, քանի որ եթե լսեին այդ կոչերը, ապա գոնե մինչ օրս որևէ առաջարկ կընդունվեր իշխանությունների կողմից: «Պարոն Մանուկյան ես առանց որևէ հաճոյախոսության ուզում եմ ասել, որ ձեր ուսերին լուրջ բեռ եք դրել որպես Հայաստանի Հանրապետության առաջին վարչապետ, ես գիտեմ ձեր համարձակությունը, գիտեմ, որ այն պահին, որ դուք կարող էիք շարունակել և կարող էիք այլ խնդիրներ լուծել, դուք հրաժարվեցիք, միևնույն ժամանակ պաշտպանության հարցում անուրանալի դեր ունեցաք և պատահական չէ, որ միշտ կոչ եմ արել չթերագնահատել Վազգեն Մանուկյան մարդու կարողությոեւնները: Ես շատ կուզեմ սատարել Ձեզ, որպեսզի մենք ունենք այն որակը, որ ի վերջո, եթե պետք է տարանջատվի հասարակությունը, ապա ոչ թե հեղափոխական կամ հակահեղափոխական, այլ ստեղծողների և փախցնողների թող բաժանվի ու այդ փախցնողներն ամաչեն:
Այն մարդիկ, որ մինչև 88 թվականը ամաչում էին հասարակության մեջ երևալ, նրանք հանկարծ սկսեցին եղանակ ստեղծել, սրան պետք է ձգտել զուսպ, նույնիսկ երբեմն առանց լրատվամիջոցների, որովհետև խնդիրներ են դրված, օրինակ չավարտված պատերազմի պայմաններում գործող տնտեսության կառավարման խնդիրները և Արցախում, և Հայաստանի Հանրապետությունում, որոնք պետք է երբեմն փակ քննարկենք»,-ասաց Մանասերյանը: Ըստ նրա՝ այսօր որոշ մարդիկ ազգային բառից, խաչից, հավատքից «խրտնում» են ու ակումբի աշխատանքը պետք է նպաստի նաև ազգայինի պահպանմանը:
«Մեզանից յուրաքանչյուրի շրջապատում մարդկային համաստեղություններ կան, որոնցից մենք պարտավոր ենք ընտրել, մոբիլիզացնել ու բերել այստեղ: արտադիր չէ, որ մենք դուրս գանք փողոցներ ու չգիտեմ ինչերով զբաղվենք: Այն կապիտալը, որ այստեղ հավաքվել է, մենք իրավունք չունենք թույլ տալ, որ տարբեր նպատակների ծառայեցնեն»,-հավելեց նա:
Zham.am