Հայաստանի ղեկավարության քաղաքականությունը փոխվում է դեպի հակառուսականի. Իգոր Սեմենովսկի (տեսանյութ)
Քաղաքագետ, ՌԴ կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարանի դոցենտ Իգոր Սեմենովսկին Alpha News-ին տված հարցազրույցում մեկնաբանել է հայ-ռուսական հարաբերությունների ճգնաժամը, ինչպես նաև Մոսկվայի քաղաքականությունը հետխորհրդային տարածքում։
«Պետք է նշել, որ այս ճգնաժամն այժմ տեսանելի է դարձել այնքան, որ նկատելի է հասարակ մարդուն։ Փաստորեն, մեր հարաբերություններում ճգնաժամային երեւույթներ սկսեցին ի հայտ գալ բավականին երկար ժամանակ՝ մոտ 3-4 տարի։ 2018 թվականից հետո Հայաստանի իշխանությունների և Հայաստանի ներկայիս ղեկավարության հետ պատմություններն ու որոշակի գործողությունները սկսեցին բավականին զգուշավոր ընկալվել Ռուսաստանի ղեկավարության կողմից: Դա վերաբերում է Հայաստանի և ԱՊՀ, Հայաստանի ու ՀԱՊԿ փոխգործակցության հարցերին, ինչպես նաև ռուսական կողմի հետ երկկողմ նախագծերին Հայաստանի մասնակցության հարցին։
Բայց, վերջին գործողությունները՝ հայտարարությունները, թե Ռուսաստանը հեռանում է Հայաստանից, ՀԱՊԿ-ը հեռանում է Հայաստանից, Wall Street Journal-ի վերջին հրապարակումը, թեկուզ կոնտեքստից կտրված, այս ամենին գումարած՝ Եվրախորհրդարան կատարած այցի ընթացքում ֆոն դեր Լեյենի հետ բրիֆինգում եւ ելույթում հայտարարությունները, վկայում են, որ Հայաստանի ղեկավարության քաղաքականությունը փոխվում է դեպի եվրատլանտյանի, փոխվում է հակառուսականի և, ընդհանրապես, սա չի բխում հայ ժողովրդի շահերից, որոնք դրա պատճառով դառնում են երկրի ներկայիս ղեկավարության ստեղծած իրավիճակի պատանդը»,-ասել է Սեմենովսկին:
Փորձագետը նաև մեկնաբանել է, թե ինչպես է ռուսական հասարակությունն ընկալում ռուսական Առաջին ալիքի հաղորդումը Նիկոլ Փաշինյանի մասին, որը սուր դժգոհություն առաջացրեց Հայաստանի իշխանությունների մոտ։
«Իրականում ժողովրդի համար սա ելակետ է առ այն, որ ներկայիս ղեկավարության օրոք այս երկրի քաղաքականությունը անբարյացակամ է ռուսական պետության համար, և Ռուսաստանը, համապատասխանաբար, միջոցներ կձեռնարկի, որոնք կհակազդեն այդ՝ ոչ բարեկամական քաղաքականությանը։ Եթե խոսենք այն մասին, թե արդյոք Փաշինյանը նման է Սաակաշվիլիին, ապա այստեղ կարելի է բազմաթիվ օրինակներ բերել, որ նա «հայկական Նավալնին» է և այլն։ Այսինքն՝ ռուս հեռուստադիտողի համար սրանք բոլորը նույն արտի պտուղներն են՝ Սահակաշվիլի, Զելենսկի, Նավալնի կամ էլ ինչ-որ պատմական զուգահեռներ կանցկացվեն։ Ցավոք սրտի, սա մի մարդ է, որը պատասխանատու չէ սեփական ժողովրդի շահերի համար և, համապատասխանաբար, գործում է հօգուտ այն շահերի, որոնք իրեն իշխանության են բերել։ Իսկ իշխանության գալու տեխնոլոգիան, իսկապես, ակնհայտ էր։
Չգիտեմ, թե ինչու Ռուսաստանի իշխանությունները շատ ուշ մտածեցին այս մասին, և թե ինչու է Ռուսաստանի քաղաքականությունը հիմնված իրական գործերով չհիմնավորված պատրանքների կամ սպասումների վրա։ Եվ, իհարկե, այս դեպքում մենք քաղում ենք կոնկրետ անձի և նրա թիմի նկատմամբ ոչ այնքան հեռատես գործողությունների պտուղները։ Խոսքն այն մասին է, որ Հայաստանի իշխանությունները զբաղեցնում են նրա թիմի ներկայացուցիչները, մարդիկ, որոնք կապված են տարբեր արտասահմանյան, առաջին հերթին, ամերիկյան հիմնադրամների հետ և քարոզում են նրանց քաղաքականությունը: Ինչպես է դա տեղի ունենում հետխորհրդային տարածքի այլ երկրներում՝ սկսած Մոլդովայից և վերջացրած, նույնիսկ, Ռուսաստանի բարեկամ գործընկերներով՝ ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում»,-նշել է նա։
Սեմենովսկին իր հարցազրույցի ժամանակ խոսել է նաև Ռուսաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների մասին, մասնավորապես, հետխորհրդային տարածաշրջանի՝ որպես ամբողջություն, մոտեցումների և հատկապես Հարավի մասին։ Նա անդրադարձել է նաև Մոսկվայի դիրքորոշմանը Ռուսաստանի մասնակցությամբ եվրասիական տարածքում միավորումների ՝ ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի, ՇՀԿ-ի զարգացման վերաբերյալ։
Մանրամասն՝ «Ալֆա նյուզի» տեսանյութում