Երաշխիքներ ենք ստացել, որ Ղարաբաղում հայկական զինված ուժերը զինաթափվելու են, լքելու են դիրքերը, ամբողջ զինտեխնիկան կտեղափոխվի Ադրբեջան. Հաջիև
Մենք երաշխիքներ ենք ստացել, որ Ղարաբաղում հայկական զինված ուժերը տարածաշրջանում զինաթափվելու են, լքելու են իրենց դիրքերը, ամբողջ զինտեխնիկան կտեղափոխվի Ադրբեջան, ծանր տեխնիկան կփոխանցվի ռուսական խաղաղապահ զորակազմի հետ համակարգմամբ: Այս մասին ասել է Ադրեբջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը՝ արտասահմանյան երկրների դիվանագետների և լրագրողների համար կազմակերպված ճեպազրույցում:
Նա հավելել է, որ Բաքուն պատրաստել է Ղարաբաղի հայ բնակչության վերաինտեգրման ծրագիրը:
Այսօր հայտնի է դարձել, որ Արցախի Հանրապետության իշխանություններն ընդունում են ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ:
Համաձայնություն է ձեռք բերվել՝
– դուրս բերել Հայաստանի Հանրապետության՝ [Արցախում] մնացած զինված ուժերը ռուս խաղաղապահ զորակազմի տեղակայման գոտուց,
– լիարժեք զինաթափել «Լեռնային ղարաբաղի պաշտպանության բանակի» զինված խմբավորումները,
– դուրս բերել ծանր տեխնիկան ու սպառազինությունը Լեռնային ղարաբաղի տարածքից՝ դրանց շուտափույթ ուտիլիզացման նպատակով:
Աղբյուր՝ 168.am