Ամասիա-Աշոցք ավտոճանապարհին բուք է, հանրապետությունում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար։
Սիսիան-Սարավան ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար: Դժվարանցանելի են Տիգրանաշենի ոլորանները, Լոռու, Գեղարքունիքի մարզերի, Լանջիկ-Մաստարա, Գորիս-Սիսիան, Աշոցք-Ամասիա ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքում, Սյունիքի մարզում, Դիլիջան, Գավառ և Եղեգնաձոր քաղաքներում տեղում է ձյուն։ Ամասիա-Աշոցք ավտոճանապարհին բուք է:
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։