ԱԻ ծառայությանն է փոխանցվել 2 զինծառայողի մասունք
Երեկ Արցախի հարավային թևում Ներքին գործերի նախարարության ԱԻ պետական ծառայության փրկարար ջոկատների որոնողական աշխատանքները դարձյալ արդյունք չեն տվել: Հայտնում են ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից: Սակայն, Մարտակերտի զորամասերից մեկի հավաքակայանից ԱԻ ծառայությանն է փոխանցվել, նախնական տվյալներով, 2 զինծառայողի մասունք: Վերջիններիս ինքնությունը պարզ կլինի միայն դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Նշենք, որ 2 օր առաջ նույն վայրից փոխանցվել էր ևս մեկ զինծառայողի մասունք: Պատերազմի օրերին տարածքը թիրախավորվել և հրկիզվել էր թշնամու արձակած հրթիռից: Որոնումներն այսօր շարունակվում են Հադրութի և Վարանդայի (Ֆիզուլի) շրջաններում: Զինադադարից հետո մինչ այսօր հայտնաբերվել է ընդհանուր 1488 աճյուն:

