Իսպանական դասեր
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Երկրորդ աշխարհամարտից հետո Իսպանիայի դիկտատոր Ֆրանկոն լուրջ խնդիրների առջև է հայտնվում` բազմաշերտ ու բազմասեռ ընդդիմությունը փորձում է միասնական գործողություններ սկսել։
Ընդդիմությանը ջախջախելու համար նա մի տեխնոլոգիա է օգտագործում` ընդդիմության մի մասի հետ գնում է ստվերային համաձայնության, որպեսզի մյուս հատվածին լիկվիդացնի։
Ֆրանկոն ձգտում էր ոչ միայն ճնշել իր հակառակորդներին, այլև հակառակորդների մի մասին ներառել սեփական քաղաքական համակարգի մեջ։
Արդյունքում Կարլիստների` միապետականների մի մասը աստիճանաբար սկսում է ռեժիմի հետ համագործակցել։
1955–1956 թվականներին Կարլիստների շրջանում տեղի է ունենում շրջադարձ դեպի Ֆրանկոյի ռեժիմի հետ համագործակցության, ինչը հնարավորություն տվեց Ֆրանկոյին իր կողմը ներգրավել այդ շարժման մի մասին։
Սա կոոպտացիայի դասական մեխանիզմն է.
«կոնստրուկտիվ ընդդիմությանը» թույլատրվում է քաղաքական առումով գոյություն ունենալ և գործել խորհրդարանում, արդյունքում սկզբունքային ընդդիմադիրները ներկայացվում են որպես ծայրահեղականներ, այսինքն վտանգ պետության համար ու ռեժիմը ճնշում է վերջիններիս՝ միաժամանակ հայտարարելով, որ «նորմալ» կամ «պատասխանատու» ընդդիմությունը համագործակցում է իշխանության հետ։
Այս մոդելի առանձնահատկությունն այն է, որ իշխանության համար պարտադիր չէ ամբողջ ընդդիմության հետ գաղտնի պայմանագիր կնքել։ Բավական է ընդդիմության մի մասին դարձնել ընդունելի գործընկեր, իսկ մյուս մասին՝ մեկուսացնել և ներկայացնել որպես պետության թշնամի ու սկսել հաշվեհարդարը։
Իսպանիայի դեպքում կարլիստների հետ համագործակցությունը դյուրին դարձրեց նման քաղաքականության իրականացումը»։

