Չպետք է ճանաչել ընտրությունների լիգիտիմությունը. Ռուբեն Հակոբյան
Քաղաքական գործիչ Ռուբեն Հակոբյանը ֆեյսբուքյան էջում նշում է. «Չպետք է ճանաչել ընտրությունների լիգիտիմությունը:
Պարզվում է, որ ԿԸՀ-ում ձայներ են գողացել ոչ միայն «Բարգավաճ Հայաստանից», նաեւ հարյուրավոր քվեներ են գողացել ինչպես իշխող, այնպես էլ ընտրություններին մասնակցող մյուս քաղաքական ուժերից։ Այդ մասին, փաստերի հստակ արձանագրումով, նույնիսկ հայտարարեց ՔՊ-ի ղեկավար մարմնի ներկայացուցիչը։ Նաեւ՝ մյուս քաղաքական ուժերի ներկայացուցիչներն են անդրադարձել ընտրաարդյունքների բազմաթիվ կեղծումներին։ Ակնհայտ է, որ ԿԸՀ-ում ընտրությունների արդյունքների հաշվարկը տեղի է ունեցել քվեների համատարած կեղծումներով, ինչն ապալիգիտիմացնում է այս ընտրությունների արդյունքները։
Կարծում եմ ճիշտ կլինի (չնայած այդքան միամիտ չեմ), որ իշխանությունն էլ, հավաքական ընդդիմության հետ միասին, չեղյալ հայտարարեն ընտրությունների արդյունքները… Այլապես, փողոցը վաղը կարող է պարտադրել իր որոշումն՝ անկանխատեսելի հետեւանքներով։
Եւ չպետք է ձգձգել ընտրությունների լիգիտիմությունը չճանաչելու մասին առնվազն հավաքական ընդդիմության որոշում-հայտարարությունը։
Չեմ կասկածում, որ իշխանատենչը հակաօրինական ցանկացած քայլի դիմելու է՝ իր աթոռը մնալու համար… Ընդդիմությունն էլ (մենք) պետք է պատրաստ լինենք՝ ցանկացած հակաօրինական գործողությանը համարժեք պատասխան տալուն։
Առայժմ այսքանը»։

