Չենք թողի, որ իշխանությունը հանգիստ ապրի, հայրենիքը սակարկման և վաճառքի ենթակա չէ. ՀՅԴ ՀԵՄ-ի ակցիան
ՀՅԴ երիտասարդական միության անդամներն այսօր՝ մարտի 26–ին, բողոքի ակցիա են իրականացրել կառավարության շենքի դիմաց։ Նրանց ձեռքին պաստառներ են, որտեղ գործող իշխանության ներկայացուցիչների լուսանկարներն են արված Արցախում։ Այսկերպ երիտասարդները նշում են, որ հայրենիքը սակարկման և վաճառքի ենթակա չէ։
Ակցիայի մասնակիցներից մեկը լրագրողների հետ զրույցում նշեց. «Իշխանությունները փորձում են Խմբագրել կամ գուցե ջնջել մեր հիշողությունը, ինչպես դա անում են իրենց տարբեր գրառումների և հայտարարությունների հետ, բայց այս հարցում ևս դրսևորում են իրենց անգրագետ և անհեռատես մոտեցումները։
Այս քաղաքական ուժը և այս նույն կառավարության անդամներն ու իրենց ղեկավարը տարբեր հնարավոր բոլոր հրապարակներից և ամբիոններից հայտարարում էին, որ Արցախը Հայաստան է և վերջ, որ Արցախն իրենց հայրենիքն է։ Այս հայտարարությունը դիվանագիտական վրիպակներ չէին, ինչքան էլ նրանք սիրում են կրկնել, որ իրենց ինքնահայեցման հետևանքով եկել են այս եզրահանգումներին, մենք բոլորս հասկանում ենք, որ դա եղել է իրենց համար շատ պարզ հաշվարկ՝ իրենց հայակործան քաղաքականությամբ կառավարությունը զավթելու համար։
Մի՞թե կարելի է հայրենիքի սահմանները որոշել աթոռով կամ մանդատի քանակով։ Հիմա, երբ դուք կանգնում եք նույն ամբիոններին և հայտարարություններ եք անում, գեթ մեկ վայրկյան չեք ամաչո՞ւմ, չեք հասկանո՞ւմ, որ դավաճանում եք այն հպարտ քաղաքացիներին, որոնք ձեզ հավատով քվե են տվել և որոնցից շատերը ձեր հանձնած հայրենիքի համար արնաքամ ընկել են, փառք նրանց»,–ասաց նա։
Երիտասարդ դաշնակցականը նկատեց, որ քաղաքական դաշտում կարող են փոխվել մարտավարությունները, իրավիճակները, բայց հայրենիքն ու արժեքները փոփոխության ենթակա չեն, սակարկման և վաճառքի ենթակա չեն. «Այս լուսանկարները մնալու են որպես ձեր երկերեսանիության փաստ, քանի դեռ դուք չեք առերեսվել իրականությանը և հետ չեք կանգնում հանձնման և կործանման ճանապարհից։
Մեր ակցիայի խորհուրդը այն է, որ ցույց տանք այս իշխանություններին, որ մենք մենք դեռ հիշում ենք և հիշելու ենք իրենց հայտարարությունները, և միշտ հիշեցնելու ենք իրենց, որ չենք թողելու նրանք հանգիստ ապրեն, քանի դեռ արել են հայտարարություններ, որոնցից հետ են կանգնել»։
Աղբյուր` News.am

