ԵՄ-ն շարունակելու է աջակցել Հայաստանի բարեփոխումների օրակարգին․ Մարթա Կոս
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են Կառավարությունից։
Փաշինյանը ողջունել է տիկին Կոսի այցը Հայաստան և նշել, որ այն լավ հնարավորություն է քննարկելու ՀՀ–ԵՄ համագործակցության հարուստ օրակարգը, որը հետևողականորեն շարունակում է ընդլայնվել։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ այսօրվա հանդիպմանը ցանկանում է լսել նաև տիկին Կոսի տպավորությունները երկկողմ գործընթացների վերաբերյալ և քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերը։
Նա վերահաստատել է Հայաստանի Կառավարության հանձնառությունը՝ շարունակելու ժողովրդավարական բարեփոխումները, ամրապնդելու օրենքի գերակայությունը և զարգացնելու ինստիտուցիոնալ կարողությունները։
Մարթա Կոսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ ԵՄ-ն բարձր է գնահատում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումները և դրանց ուղղությամբ դրսևորվող քաղաքական կամքը։ Նա ընդգծել է, որ ԵՄ-ն շարունակելու է աջակցել Հայաստանին երկկողմ համագործակցության, մասնավորապես,
բարեփոխումների օրակարգին, Հայաստանի քաղհասարակությանն ու ԶԼՄ–ներին։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ՀՀ–ԵՄ համագործակցության օրակարգի ընթացքը, տնտեսական և ներդրումային ծրագրերի ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաև վիզաների ազատականացման գործընթացին առնչվող հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին և խաղաղության հաստատման ուղղությամբ իրականացվող քայլերին։

