ՊՎԾ-ն «Արմենիա» ԲԿ-ում թերի ուսումնասիրություն է արել և կոծկել խախտումները. «Հետք»
Պետական վերահսկողական ծառայությունը 2021թ.-ին ուսումնասիրություն է սկսել մի շարք բժշկական կենտրոններում՝ պետական պատվերի ծառայության արդյունավետությունը ստուգելու նպատակով։ Երբ 2021թ. դեկտեմբերին ծառայության ղեկավարի պաշտոնում նշանակվել է Ռոմանոս Պետրոսյանը, ուսումնասիրությունն իրականացնող խմբերի կազմում փոփոխություններ են տեղի ունեցել։ Այս մասին գրում է «Հետք»–ը։
««Արմենիա» բժշկական կենտրոնը նույն ծառայության համար միաժամանակ գումարներ է գանձել պետությունից և պետպատվերի շահառուներից։ ՊՎԾ-ն հայտնաբերել է այդ խախտումները, սակայն դրանց միայն մի մասն է ներառվել Նիկոլ Փաշինյանին ներկայացված՝ ՊՎԾ տեղեկանքում։
«Արմենիա» ԲԿ-ի բաժնետիրոջ հետ բարեկամական և ազգակցական կապեր ունեցող անձինք ստուգման ժամանակ պատասխանատու պաշտոններ են զբաղեցրել Առողջապահության նախարարությունում և Պետական վերահսկողական ծառայությունում։
ՊՎԾ նախկին աշխատակից Սուսաննա Մուրադյանը «Հետք»-ին պատմել է, թե ինչպես են ԲԿ-ում ուսումնասիրությունների ժամանակ օգտագործվել ընկերական և բարեկամական կապերը, որի հետևանքով փաստաթղթերն ամբողջ ծավալով չեն ուսումնասիրվել։ Քրեական վարույթի ժամանակ էլ հաստատվել է թերի ուսումնասիրություն կատարելու փաստը։
Կորոնավիրուսային համավարակի տարածումից հետո՝ 2021թ․-ին, պետպատվերի շահառու բազմաթիվ քաղաքացիներ չէին կարողանում բժշկական օգնություն ստանալ, քանի որ հիվանդանոցներում նրանց ասում էին, որ պետպատվերը սպառվել է։ Հենց այդ ժամանակ Պետական վերահսկողական ծառայությունը 10 խոշոր բժշկական կենտրոններում ուսումնասիրություն սկսեց՝ պարզելու 2020-2021թթ. պետական պատվերով մատուցված ծառայությունների արդյունավետությունը։
Ուսումնասիրությունը սկսվել էր ՊՎԾ նախկին ղեկավար Տիգրան Ուլիխանյանի պաշտոնավարման ժամանակ։ 2021թ. դեկտեմբերին ՊՎԾ ղեկավար է նշանակվել Ռոմանոս Պետրոսյանը, փոխվել են նաև ՊՎԾ ղեկավարի երկու տեղակալները։ Տեղակալներից մեկը դարձել է Անրի Վարդանյանը։ Հիվանդանոցներում ուսումնասիրությունները որոշ ժամանակով ընդհատվել են։
ՊՎԾ ուսումնասիրությունը՝ «Արմենիա» ԲԿ-ի մասով, թերի է եղել. ՊՎԾ նախկին աշխատակից
2022թ. մայիսին նոր խումբ է կազմվել՝ «Արմենիա» ԲԿ-ում կիսատ մնացած ուսումնասիրությունը շարունակելու նպատակով։ Խմբում ներառված են եղել Առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող «Պետական առողջապահական գործակալության» աշխատակիցներ։ Խումբը ղեկավարել է ՊՎԾ սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության պետի տեղակալ Դավիթ Այվազյանը, խմբի կազմում է եղել ծառայության աշխատակից Սուսաննա Մուրադյանը, որը «Հետք»-ին մանրամասներ է պատմել ուսումնասիրության ընթացքից։
Ըստ նրա՝ խմբի ղեկավար Դավիթ Այվազյանը ստուգումներին հիմնականում ներկա չի եղել, աշխատանքի բաժանում չի արել։ Սուսաննան խմբի ղեկավար Դավիթին հայտնել էր, որ «Արմենիա» բժշկական կենտրոնից աշխատավարձերի վերաբերյալ փաստաթղթեր, իրազեկման մատյաններ է պահանջել, որոնք ԲԿ-ն չի ներկայացրել (մատյանում պացիենտը ստորագրում է, որ իրազեկվել է անվճար բժշկական սպասարկման մասին, հեղ.)։ Դավիթ Այվազյանը հավաստիացրել է, որ ինքը կպահանջի և կստանա փաստաթղթերը, սակայն փաստաթղթերն այդպես էլ չեն ներկայացվել ստուգողներին։
Ըստ Սուսաննա Մուրադյանի՝ «Արմենիա» ԲԿ-ում ստուգման ժամանակ ՊԱԳ-ի (Պետական առողջապահական գործակալություն) նախկին 3 ստուգողներից ներկա են եղել երկուսը. «Չկար այն աշխատակիցը, որն ամենամեծ խախտումն էր արձանագրել սրտի անհետաձգելի վիրահատությունների մասով (1301 ծրագիր)։ Այդ աշխատակիցը ստուգել էր մինչև 2021թ. սեպտեմբերի 16-ը, պիտի գար և շարունակեր ստուգումը մինչև դեկտեմբերի 31-ը։ Այսինքն՝ երեքուկես ամիս սրտի անհետաձգելի վիրահատություն չի ստուգվել։ Այդ աշխատակցին չէին ներգրավել այլևս խմբի մեջ, իսկ մյուս երկուսը չէին հասկանում սրտի ստենտների վերաբերյալ «1301» ծրագրից»,-ասում է նա։
Ստուգումների ընթացքում Սուսաննա Մուրադյանին ԲԿ-ից շտապ կանչել են ՊՎԾ և հրահանգել, որ գնա Գավառի պետական համալսարան՝ այլ ստուգումների։ ՊՎԾ հրատապ կանչից միայն 10 օր անց է ծառայության ղեկավարի տեղակալ Անրի Վարդանյանը Սուսաննային որպես խմբի ղեկավար գործուղել Գավառ։ «Ինձ հետ կանչեցին, եկել եմ՝ ի՞նչ շտապ, դեռ չկա Գավառի հանձնարարագիրը, Ծառայությունում պարապ նստել եմ»,- պատմում է նա՝ նշելով, որ իր բացակայության ժամանակ «Արմենիա ԲԿ»-ի ստուգումը նախատեսված ժամկետից (հանձնարարագրով մինչև սեպտեմբեր պետք է ստուգումը շարունակվեր) շուտ՝ հուլիսի 15-ին, ավարտվում է, որի մասին ինքն ավելի ուշ է տեղեկանում։
Հուլիսի 18-ին Արթուր Բարսեղյանը նշանակվում է ՊՎԾ սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության պետ։
Սուսաննա Մուրադյանը Գավառի ստուգումների ժամանակ պարբերաբար կապ է հաստատել «Արմենիա» ԲԿ-ում ստուգող խմբի ղեկավար Դավիթ Այվազյանի հետ, որ հասկանա, թե ե՞րբ են ԲԿ-ի ստուգման արդյունքները քննարկելու, սակայն հստակ պատասխան չի ստացել։ Սուսաննա Մուրադյանն այդ քննարկումը կարևորել է, քանի որ այդ փուլում ցանկացել էր հայտնել, որ «Արմենիա» ԲԿ-ում իրազեկումների մատյաններ ընդհանրապես չկան։ Պացիենտի իրազեկման թերթիկի բացակայության դեպքում 5000 դրամ տուգանք է նախատեսված, որն, ըստ նախկին աշխատակցի, մոտ 20 հազար պացիենտի պարագայում 100 մլն դրամ կկազմեր։
2022թ. սեպտեմբերի սկզբին Սուսաննա Մուրադյանը ՊՎԾ-ի իր բաժնի աշխատասենյակում տեսել է ՊԱԳ ղեկավարի տեղակալին, աշխատակից Դավիթ Սարգսյանին։ Նրանց հետ ՊՎԾ սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության պետը քննարկել է «Արմենիա» ԲԿ-ում իրականացված ստուգման արդյունքները։ Սուսաննա Մուրադյանը զարմացել է, թե ինչպես են քննարկումը ծավալում առանց խմբի ՊՎԾ անդամների միջանկյալ արձանագրությունների, որոնք պետք է տեղեկություններ պարունակեին փաստաթղթերի բացակայության, խախտումների ամբողջական տվյալների մասին (ԲԿ-ի աշխատավարձերի, պատմագրերի, իրազեկման մատյանների (եղել է մի մատյան, որտեղ պատահական ստուգումների արդյունքում 3-4 համնկնում է եղել))։ Փորձել է իրավիճակը պարզաբանել Սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության պետ Արթուր Բարսեղյանի միջոցով, բայց իր մտահոգությունները պատշաճ արձագանքի չեն արժանացել։
2022 թ.-ի հոկտեմբերին ՊՎԾ-ում կազմվել է «Արմենիա» ԲԿ-ի վերաբերյալ տեղեկանքը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացնելու համար։ Սուսաննա Մուրադյանը «Մալբրի» համակարգում տեսել է, որ տեղեկանքում նշված է, թե իբր ստուգումը ներառել է մինչև ստուգվող տարվա դեկտեմբեր ընկած ժամանակահատվածը, սակայն, օրինակ, սրտի անհետաձգելի վիրահատությունների մասով ստուգումը իրականացվել է մինչև սեպտեմբերի 16-ը։ Տեղեկանքում նշվել է, որ մինչև դեկտեմբեր ստուգվել է նաև սրտի ստենտավորման ծրագիրը։
Մինչ Սուսաննա Մուրադյանը ստեղծված իրավիճակում ելքեր է փնտրել, նրան Գավառից գործուղել են Վանաձոր՝ շինարարության ոլորտում ստուգումների, ապա՝ Սյունիքի մարզ:
2022 թ․-ի դեկտեմբերի 28-ին Սուսաննա Մուրադյանը իր մտահոգություններն անձամբ ներկայացրել է Ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանին, որը, Սուսաննայի պատմելով, վրդովվել է, ապա աշխատակցի նկարագրած իրավիճակը բնորոշել է որպես հովանավորչություն։ 2023 թ․-ի հունվարին թերի ստուգման, ստուգողների ու ստուգվող ԲԿ-ի պաշտոնյաների միջև առկա փոխկապակցվածության փաստերով զեկուցագիրը էլեկտրոնային փոստով Սուսաննա Մուրադյանն ուղարկել է Ռոմանոս Պետրոսյանին, սակայն մինչև մարտ ամիսը արձագանք չի ստացել։ Այն բանից հետո, երբ Սուսաննա Մուրադյանը փորձել է ՔՊ-ական պատգամավորներից մեկի միջոցով վարչապետ Փաշինյանին տեղեկացնել իրավիճակի մասին, ՊՎԾ-ի իրավաբանական բաժնից պատասխանել են հունվար ամսին ներկայացրած իր զեկուցագրին։ Պատասխանում հայտնել են, թե «Արմենիա» ԲԿ-ում ստուգումն ամբողջ ծավալով է իրականացվել։
Հիվանդանոցներում, այդ թվում՝ «Արմենիա» ԲԿ-ում ստուգումներ կատարած խումբը կազմված է եղել ՊՎԾ և ԱՆ պետական առողջապահական գործակալության աշխատակիցներից (ՊԱԳ)։ «Արմենիա» ԲԿ-ի բաժնետեր Գրիգոր Գրիգորյանի եղբոր դուստրը՝ Վարդանուշ Գրիգորյանը Առողջապահության նախարարության գլխավոր քարտուղարն է։ Գրիգոր Գրիգորյանի եղբոր մյուս դստեր ամուսինը՝ Արթուր Բարսեղյանը, զբաղեցրել է ՊՎԾ սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության պետի պաշտոնը (այժմ մեկ այլ վարչության պետ է)։ «Արմենիա» ԲԿ-ի բաժնետեր Գրիգոր Գրիգորյանի մտերիմի՝ ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանի դստեր՝ Կլարա Ջհանգիրյանի ամուսինը՝ Անրի Վարդանյանը, զբաղեցնում է ՊՎԾ ղեկավարի տեղակալի պաշտոնը։
ՊՎԾ ղեկավարի տեղակալ Անրի Վարդանյանը Ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանին 2023 հուլիսին զեկուցագրով հայտնել է, որ Սուսաննա Մուրադյանի մտահոգությունները չեն փարատվել։ ՊՎԾ-ում ծառայողական քննություն է սկսվել, որի ընթացքում Սուսաննա Մուրադյանի աշխատանքային համակարգիչն առգրավել են, իսկ ծառայողական քննության արդյունքներով ՊՎԾ ղեկավարությունը դիմել է Հակակոռուպցիոն կոմիտե։ Սուսաննա Մուրադյանը քրեական վարույթի ժամանակ հասկանում է, որ վարույթն իր դեմ է նախաձեռնված։ Քրեական վարույթը կարճելու մասին որոշումն ընդունելուց մոտ 2 ամիս անց ՊՎԾ-ն ազատել է նրան աշխատանքից։ Սուսաննա Մուրադյանն այժմ աշխատանքից ազատման հրամանը բողոքարկում է դատարանում։
Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատել է թերի ստուգման փաստը
Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել և կարճվել է մի քրեական վարույթ, որը պետք է բացահայտեր ՊՎԾ աշխատակիցների, այդ թվում՝ ղեկավար կազմի առնչությունը «Արմենիա» ԲԿ-ում իրականացված թերի ստուգմանը, ենթադրյալ հովանավորչությունը և մի շարք պաշտոնատար անձանց փոխկապակցվածությունը։ «Հետք»-ը ծանոթացել է քրեական վարույթը կարճելու որոշմանը, որի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Քննչական կոմիտեում քննվում է մեկ այլ քրեական վարույթ, որի համար հիմք են հանդիսացել «Արմենիա» ԲԿ-ում ստուգմամբ հայտնաբերված խախտումները։ Այդ քրեական վարույթին դեռ կանդրադառնանք, այժմ ներկայացնենք, թե ինչպես է քննությունն ընթացել Հակակոռուպցիոն կոմիտեում, որի շրջանակում հարցաքննվել են Պետական վերահսկողական ծառայության աշխատակիցները, այդ թվում՝ Սուսաննա Մուրադյանը»,–գրում է «Հետք»–ը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։