Մելիքբեկյան, հեռացի՛ր. FAF-ը պահանջում է ՀՖՖ նախագահի հրաժարականը (տեսանյութ)
FAF երկրպագուական շարժումն Ազգերի լիգայի խաղարկության շրջանակում Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա (0:2) խաղից հետո Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտից շարժվել էր դեպի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մասնաշենք և պահանջել հանդիպում ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի հետ։
Մոտ մեկ ժամ սպասելուց հետո FAF-ն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարկել՝ նշելով, որ ՀՖՖ նախագահն անտեսել է իրենց պահանջը։
«Հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հրաժարական տվեց։ Դա մեզ բավարար չէ։ Գիտակցում էինք, որ այսօրվա խաղից հետո, ամենայն հավանականությամբ, մարզիչը հրաժարական է տալու՝ չնայած գրանցած արդյունքին։ Մենք, ինչպես 9 տարի առաջ, հավաքվել ենք այստեղ պարզաբանումներ ստանալու համար։
ՀՖՖ նախագահը «լայաղ» չի անում մեզ հանդիպելու։ Կարծում ենք, որ նա պետք է հեռանա․ նա սպառել է իրեն»,-նշել է Սերգեյ Ջանջոյանը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 13-ին կայացած Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումից հետո Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից։
Երկրպագուները նշում են՝ Մելիքբեկյանի նախագահության օրոք ֆուտբոլը չի զարգանա Հայաստանում։
«Հավաքականի մարզչին հեռացնելը մեզ համար բավարար չէ»,-հայտարարել են նրանք։