Մայրական մահացության ցուցանիշը Հայաստանում նվազել է
Հայաստանում 2017 թվականին մայրական մահացության երկու դեպք է գրանցվել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկած «Պերինատալ բժշկության արդիական հիմնախնդիրները» թեմայով երրորդ միջազգային գիտաժողովում նման տվյալներ ներկայացրեց ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը: Նա նշեց, որ այդ երկու դեպքից միայն մեկն է պայմանավորված մանկաբարձական խնդիրներով:
«Սա խոսում է այն մասին, որ սուղ ֆինանսական պայմաններում ակտուալ կառավարման եւ նվիրվածության շնորհիվ կարելի է հասնել բարձր ցուցանիշների»,-ասաց նախարարը:
Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի խոսքով` բժշկության մեջ նորամուծությունները պահանջում են հարթակներ` քննարկումներ ծավալելու նպատակով:
«Հպարտությամբ պետք է հայտարարեմ, որ բժշկական համալսարանը հանդիսանում է այն ակադեմիական հարթակը, որտեղ կարող ենք այդ քննարկումները առարկայական, արհեստավարժ դաշտում ծավալել»,-հավելեց նա:
Գիտաժողովին իրենց փորձը կիսելու էին եկել նաեւ անվանի պրոֆեսորներ Ֆրանսիայից, Իսրայելից, Ռուսաստանի Դաշնությունից: