«Արցախից տեղափոխված անձինք ուսանողներ են». ԱՀ տեղեկատվական շտաբ
Վերջին օրերին ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ փորձում են ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից մի խումբ քաղաքացիների տեղափոխումը Հայաստանի Հանրապետություն ներկայացնել որպես զինծառայողների տարհանում: Հարկ ենք համարում նշել, որ Արցախի Հանրապետությունում ՀՀ քաղաքացի հանդիսացող զինծառայողներ չկան, որի մասին պաշտոնական Ստեփանակերտն ու Երևանը հայտարարել են բազմիցս:
Արցախից ռուսական խաղաղապահների կողմից տեղափոխված անձինք հայաստանյան և արտասահմանյան բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներ են, ՌԴ քաղաքացիներ ու նրանց ընտանիքների անդամներ, ինչպես նաև հանրապետությունում շինարարության, հանքարդյունաբերության ոլորտներում ընդգրկված ՀՀ քաղաքացի հանդիսացող մասնագետներ և բանվորներ, որոնք Ադրբեջանի կողմից շրջափակման հետևանքով կորցրել են աշխատանքն ու չեն կարողացել վերադառնալ մշտական բնակության վայր: