Արցախի նախկին նախագահները միացել են «Ո՛չ Արցախի էթնիկ զտմանը» շարժման նախաձեռնած ստորագրահավաքին
Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը մայիսի 8-ին Ստեփանակերտում միացել են «Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» երիտասարդական շարժման նախաձեռնած պահանջագրի ստորագրահավաքին:
Նախաձեռնող խումբը տեղեկացնում է, որ ստորագրահավաքին ապրիլի 30-ին միացել է նաև Արցախի Հանրապետության գործող նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Արցախահայության անունից հրապարակված պահանջագիրը միջազգային հանրությանը կոչ է անում անհապաղ քայլեր ձեռնարկել Արցախում Ադրբեջանի էթնիկ զտման ու ցեղասպանական քաղաքականությունը դադարեցնելու և 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների, ինչպես նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2021թ-ի դեկտեմբերի 7-ի, 2023թ-ի փետրվարի 22-ի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2020-2022թթ. որոշումների կատարումն ապահովելու ուղղությամբ»,- նշված է «Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» երիտասարդական շարժման տարածած հաղորդագրությունում։