Առաջիկա օրերին կավարտվեն Արցախի շրջափակման ընթացքում սոցիալական աջակցության ծրագրի աշխատանքները
Առաջիկա օրերին ավարտին է հասցվելու Արցախի Հանրապետության շրջափակման ընթացքում սոցիալական աջակցության ծրագրի իրականացման վերաբերյալ ԱՀ կառավարության որոշման նախագծման աշխատանքները, որով նախատեսվում է դրամական աջակցություն ցուցաբերել Արցախի Հանրապետությունում բնակվող՝ աշխատանք չունեցող յուրաքանչյուր անձի, այդ թվում երեխաներին՝ նպատակ հետապնդելով մեղմացնելու շրջափակման հարուցած սոցիալ-տնտեսական հետևանքները: Այս մասին հայտնում են ԱՀ տեղեկատվական շտաբից։
Այսօր հիշյալ ծրագրի կիրառման ընդհանուր մոտեցումներն ու սկզբունքները քննարկվել են նաև ԱՀ ազգային ժողովում, պատգամավորների կողմից ներկայացվել են որոշակի առաջարկություններ և արդյունքում ծրագիրը ընդհանուր առմամբ հավանության է արժանացել:
Արցախի Հանրապետության սահմանադրությամբ Արցախը հռչակված է որպես սոցիալական պետություն և ամենայն պատասխանատվությամբ հայտարարում ենք, որ Կառավարության կողմից ձեռնարկվելու են բոլոր միջոցները շրջափակման ընթացքում Արցախի Հանրապետության քաղաքացիների սոցիալական խնդիրները հաղթահարելու անհրաժեշտ պայմաններ ու հնարավորություններ ստեղծելու համար: