Արցախի առողջապահության համակարգում դեղորայքի և մասնագետների սուր պակաս կա
Ստեփանակերտի ծննդատան, մանկական հիվանդանոցի և Հանրապետական բժշկական կենտրոնի դեղամիջոցների պաշարները չափազանց սուղ են, շրջափակման պայմաններում հնարավոր չէ ներմուծել բժշկական նշանակության ապրանքներն այն քանակությամբ, որքան անհրաժեշտ է։
Հատկապես զգալի է կանանց համար նախատեսվող տարրական դեղամիջոցների պակասը։ Այս մասին հաղորդում է Արցախի տեղեկատվական շտաբը։ Առկա է ջեռուցման խնդիրը, քանի որ բուժհիմնարկները հիմնականում ջեռուցվում են սեփական կաթսայատների միջոցով, և գազի ու էլեկտրականության պարբերական անջատումները լրացուցիչ դժվարություններ են ստեղծում հիվանդների բուժման համար։ Արցախի պետական բուժհաստատություններում դադարեցված են բոլոր պլանային միջոցառումները՝ ներառյալ վիրահատությունները և հետազոտությունները, որպեսզի դեղորայքի և բժշկական նշանակության ապրանքների սահմանափակ պաշարները հերիքեն։
Առողջապահության համակարգում զգացվում է մասնագետների պակասը, որը մինչև շրջափակումը լրացվում էր Հայաստանից և այլ երկրներից եկող մասնագետների հաշվին։ Ավելի քան 2 ամիս է, ինչ բարեգործական ծրագրերով Արցախին մշտապես աջակցող տասնյակ բժիշկներ չեն կարողանում հասնել Արցախ և համապատասխան բուժօգնություն իրականացնել։