Ռուս խաղաղապահներն ապահովել են անվտանգությունը Լեռնային Ղարաբաղում էլեկտրահաղորդման գծերի վերականգնման ժամանակ
Ռուսական խաղաղապահ զորակազմի հումանիտար արձագանքման կենտրոնի մասնագետներն ապահովել են Լեռնային Ղարաբաղի սահմանազատման գծի երկայնքով 20 կմ էլեկտրահաղորդման գծերի վերականգնման աշխատանքների անվտանգությունը։ Այս մասին նոյեմբերի 30-ին, հայտարարել է ռուս խաղաղապահների ներկայացուցիչ Դանիլ Նիկիտինը։
«Ռուսական խաղաղապահ զորախումբը միջոցներ է ձեռնարկում Լեռնային Ղարաբաղում էլեկտրահաղորդման գծերի վերականգնման անվտանգությունն ապահովելու համար։ Էլեկտրահաղորդման գծի այս հատվածն անցնում է կողմերի սահմանազատման գծով, այդ կապակցությամբ վարչակազմը դիմել է մեր հրամանատարությանը՝ վերականգնման աշխատանքների անվտանգությունն ապահովելու խնդրանքով»,- պարզաբանել է նա։ Նրա խոսքերով, լրացուցիչ միացվել է ճանապարհային լուսավորության ավելի քան 150 լամպ։ Նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի շրջանների անվտանգության ապահովման խնդիրների կատարման նպատակով կազմվում է ժամանակացույց:

