«100%-ով կանխում է մահացությունը»
COVID-19-ի պատվաստանյութի թեման աշխարհում զբաղեցնում է թոփ 5 թեմաների մեջ առաջատար դիրք։ Հասարակության կարծիքը երկու մասի է բաժանվել, մի հատվածը համոզված է, որ պատվաստումը անվտանգ է, մյուս հատվածը կարծում է, որ այն խիստ վտանգավոր է առողջության համար։ Հայաստանում ևս կարծիքները միանշանակ չեն, ուրեմն որն՞ է ճշմարտությունը։ Այս և այլ հարցերի շուրջ զրուցեցինք ԱԱԻ-ի տնօրեն, բժշկագիտության դոկտոր Ալեքսանդր Բազարչյանի հետ։
- Մարդկության զարգացման ողջ ընթացքում պատվաստումները դրական ազդեցություն են ունեցել վարակների վերացման, կանխարգելման և կառավարման համար: Շնորհիվ պատվաստանյութի արդյունավետության վերացել է բնական ծաղիկը: Նոր կորոնավիրուսային վարակի պատվաստանյութերի նկատմամբ նույնպես կա մեծ վստահություն գիտական աշխարհի ներկայացուցիչների կողմից` հաշվի առնելով, որ պատվաստանյութերի մշակման համար հիմնականում օգտագործվել է արդեն իսկ հայտնի և փորձված մեթոդներ և մեխանիզներ: Չնայած նրան, որ COVID-19-ի պատվաստանյութերը նոր են, սակայն արդեն ցույց են տվել դրական արդյունք, պատվաստանյութերի մեծ մասը 100%-ով կանխում է մահացությունը: Հետևաբար գիտական տեսակետը մեկն է՝ պատվաստանյութը անվտանգ է և անհրաժեշտ է հիվանդությունը կանխարգելելու համար։ Ըստ էության գիտությունը պատվաստանյութից, դիմակներից և հիգիենայի կանոնների պահպանումից բացի որևէ այլ բան դեռևս չի ստեղծել, որը կկանխարգելի այդ հիվանդությունը։ Հասարակության տեսակետը կարող է տարբերվել գիտական տեսակետից, այդ գործընթացը նկատելի է աշխարհում, մի մասը իսկապես կողմ է, մյուսը՝ դեմ։ Սակայն ներկայումս նկատվում է դրական տեղաշարժեր, քանի որ ապացուցահեն տեղեկատվությունը ավելի քան երբևէ հասանելի են բոլորին:
- Այո, սակայն պատվաստանյութի բացասական դրսևորումների մասին խոսում են նաև շատ բժշկներ, ինչպես իրենց ելույթներում այդպես էլ մասնավոր զրույցներում։ Ըստ Ձեզ ինչո՞վ է պայմանավորված բժշկների նման մոտեցումը։
- Գուցե նրանք մոլորված են կամ չեն տիրապետում ամբողջական տեղեկատվությանը, բոլոր դեպքերում չեմ ցանկանում մեկնաբանել բժշկների նման ելույթները։ Սակայն մեկ անգամ ևս ընդգծեմ՝ գիտությունը փաստում է, որ պատվաստանյութը միակ և անվտանգ միջոցն է COVID-19-ի կանխարգելման հարցում։ Ըստ միջազգային վիճակագրության պատվաստանյութը մեկ միլիոնից ընդամենը մեկի մոտ կարող է բացասական ազդեցություն թողնել։ Մինչդեռ COVID-19-ից մահացությունը 1 մլն բնակչության հաշվով միջինում 3 տոկոս է: Ավելին, COVID-19-ի հասցված վնասները մարդու առողջության վրա աննկարագրելի են և ուղեկցելու են ամբողջ կյանքի ընթացքում: Հիմք ընդունելով ապացուցահեն տվյալները ես և իմ ընտանիքը պատվաստվել ենք, սակայն որպեսզի գովազդ չլինի չեմ ասի թե որ պատվաստանյութով։
- Մեկ ամսից ավելի է Ձեր ինստիտուտի աշխատակիցները «հիվանդություների վերահսկման և կանխագելման» կենտրոնի աշխատակիցների հետ համատեղ մարդաշատ վայրերում ՝ բաց տարածքներում պատվաստումներ են իրականացնում։ Ինչպիսին՞ է դինամիկան՝ ավելանում թե նվազում են պատվաստվողների քանակը և օրական քանի՞ հոգի են պատվաստվում։
- Գնալով պահանջարկը մեծանում է՝ փոխվում է բնակչության վերաբերմունքը։ Առաջին օրերին մարդիկ շատ զգուշավոր և տարակուսանքով էին վերաբերվում մեր «շրջիկ» կենտրոններին, անգամ մայրաքաղաքի կենտրոնական հատվածներում երբեմն վիրավորում էին բժշկներին, պատասխանատուներին՝ իրենց տարբեր մեկնաբանություններով։ Սակայն, աստիճանաբար հասարակության մեջ պատկերացումները փոխվեցին հոգուտ պատվաստման։ Մարդիկ իրենք համոզվեցին, որ վտանգավոր ոչինչ չկա, հատկապես երբ իրենց աչքով տեսնում են թե ինչպես են համաքաղաքացիները և արտասահմանցիները մեզ մոտ պատվաստվում։ Այսօր միայն մայրաքաղաքի կենտրոնական հատվածներում տեղակայված շրջիկ կենտրոններում օրական պատվաստվում է միջինը 150-160 մարդ:
- Պարոն Բազարչյան համավարակի ֆոնի վրա մայրաքաղաքում մի շարք բժշկական կենտրոններ, որոնց մասնագիտացված բաժանմունքները կամ էլ ամբողջ ԲԿ-ն վերապրոֆիլավորվեցին որպես COVID-19-ի հիվանդանոցներ, մինչ դեռ այդ ԲԿ-ները զբաղվում էին նաև գիտական աշխատանքներով։ Օրինակ Նորք-Մարաշի «Վնասվածքաբանության և օրթոպեդիաի ազգային կենտրոնը, Նորքի զանգվածի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն, Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցը։ Արդյունքում առաջատար մասնագետներ «ցակ ու ցրիֆ» եղան, տարբեր տեղեր գնացին աշխատելու։ Մինչ դեռ շատ երկրներում ոչ թե վերապրոֆիլավորվեցին եղած հիվանդանոցները, այլ շատ կարճ ժամանակում կառուցեցին COVID-19-ի հիվանդանոցներ։ Հայաստանի կողմից իրականացված վերը նշված քաղաքականությունը ազգային առողջապահության զարգացման առումով արդյո՞ք ճիշտ էր և հետագայում ինչ՞ խնդիրներ այն կարող է ստեղծել։
- Համավարակի արձագանքը այդ թվում հիվանդանոցների վերապրոֆիլավորումը տարբեր երկրներում իրականացվել է հաշվի առնելով երկրում տիրող իրավիճակը, հիմք ընդունելով առկա մարդկային և ֆինանսական ռեսուրսները: Հաշվի առնելով Հայաստանում իրավիճակը ընտրվել է համավարակին արձագանքելու նման մոտեցում, որը հնարավորություն է տվել ավելի միասնական արձագանքելու համավարակին ընգրկելով ոլորտի լավագույն մասնագետներին:
- Բնականաբար այս հիվանդությունը նոր էր և կարիք կար մասնագետների վերապատրաստման։ Ինչ՞ է արել այդ ուղղությամբ Ձեր ինստիտուտը։
- Դուք ճիշտ նկատեցիք, որ համավարակը աշխարհին անծանոթ հիվանդություն էր և առողջապահական համակարգը փորձում էր լուծել բոլոր խնդիրները, այդ թվում նաև մասնագետների վերապատրաստումը: COVID-19-ը փաստեց, որ աշխարհը դեռևս պատրաստ չէր դիմակայել նման ծավալի արհավիրքին։ Իրականում սկզբնական շրջանում ոչ ոք հստակ պատկերացում չուներ թե ինչ պետք է արվի։ Երբ համավարակը ներթափանցեց Հայաստան մենք նույնպես ունեինք և բժշկների և միջին և կրտսեր բուժանձնակազմի պատրաստվածության լուրջ խնդիր։ Հենց այդ պահից էլ առողջապահության նախարարության հրահանգով մենք սկսեցինք իրականացնել վերապատրասման գործընթաց և այն մինչ օրս շարունակվում է։ Դասընթացները իրականացվում էին ոլորտի առաջատար մասնագետների կողմից, ովքեր շարունակաբար ներկայացնում էին միջազգային առաջարկությունները վարակի կանխարգելման, բուժման և վերահսկման վերաբերյալ: Ինչպես նաև ներգրավվեցինք միջազգային մեր գործընկերներին ՝ ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Լիտվայից, Իտալիայից, Գերմանիայից, Չինաստանից և այլ երկրներից, որը բացառիկ փորձի փոխանակման հնարավորություն էր և մեր և իրենց համար: Վերապատրաստումները իրականացնում էինք հեռահար սեմինարների, դասընթացների միջոցով։ Ի դեպ մենք շատ կարևորել և կարևորում ենք կրտսեր բուժաշխատողների վերապատրաստումը, քանի որ դա այն օղակն է, որի միջոցով կարող է կանխվել կամ տարածվել վարակը։ Վերապատրաստում են անցնում ոչ միայն հիվանդանոցային ծառայությունների բուժանձնակազմը, այլև առաջնային օղակի՝ պոլիկլինիկաների և ամբուլատորիաների, ինչպես նաև հետազոտական աշխատանքներ իրականացնողները։ Ինչը ՀՀ առողջապահության համակարգին հնարավորություն ընձեռեց արդյունավետ և համակարգված կազմակերպել վարակակիրների բուժումը և վերահսկողությունը: Այժմ վերապատրասման դասընթացներ են ընթանում հիվանդության կանխարգելման ուղղությամբ։ Ի դեպ այս մեկ ու կես տարվա ընթացքում մեզ հետ սերտ համագործակցել է «Հիվանդությունների վերահսկման և կանխանգելման կենտրոնը», որը շատ մեծ բեռ տարավ իր ուսերին։ Արդյունքում մինչ օրս գումարային մեր բոլոր կրթական միջոցառումներին մասնակցելէ 17000-ից ավել մասնակից: Այս ողջ ընթացքում մենք սերտ համագործակցել ենք ԱՀԿ-ի և այլ միջազգային կազմակերպությունների հետ։ Այս գործընթացում աննկարագրելի զգալի ներդրում ունեցավ մեր Սփյուռքը: Մասնավորապես ԱՄՆ-ի «Ամիկ» կազմակերպությունը լուրջ ներդրում ունեցավ մեր մասնագետներին գիտելիքով զինելու հարցում։ Ընդհանրապես մեր Սփյուռքը ֆանտասիկ աշխատեց։
- Խոսենք նաև Ձեր ինստիուտի գործունեությունից COVID-ից դուրս։ Նորություն չէ, որ առանց լուրջ ֆինանսավորման գիտությունը չի կարող զարգանալ։ Արդյո՞ք Ձեզ հատկացվող միջոցները՝ բյուջեն, բավարարում է գիտությունը առաջ տանելու համար և ինչ՞ քայլեր եք ձեռնարկում հավելյալ միջոցներ ներգրավվելու հարցում։
- Այո գիտությունը զարգացնելը իրականում մեծ շքեղություն է պետությունների համար։ Ես կարող եմ հիմա շատ գեղեցիկ ձևակերպումներով պատասխանել Ձեր հարցին, սակայն ուզում եմ լինել անկեղծ։ Գործնականում գիտական աշխատանքներ իրականացնելը շատ խոշոր ֆինանսների հետ են կախված և դրա համար բոլորովին էլ պատահական չէ , որ գիտությունը իրականում զարգացնում են ֆինանսական լուրջ ռեսուրսներ ունեցող երկրները։ Գիտությունը մեծ թափով զարգանում է տարբեր համալսարանների կամ գիտահետազոտական կենտրոնների միջոցով ԱՄՆ-ում, Հյուսիսային Եվրոպայի երկրներում, օրինակ՝ Շվեդիայում, Արևմտյան Եվրոպայի երկրներում, Միացյալ թագավորությունում, Գերմանիաում, Ասիական երկրներում, օրինակ Չինաստանում, Ճապոնիայում, Հարավային Կորեայում։ Նախկին խորհրդային երկրներից միայն Ռուսաստանն է, այն էլ գիտության որոշ ուղղությունների գծով, որ կարող է իրեն թույլ տալ խոշոր ֆինանսական հատկացում կատարել։ Ինչ վերաբերվում է մեր՝ Հայաստանի բժշկագիտության զարգացմանը, ապա դա հնարավոր է իրականացնել միջազգային խոշոր գիտական ինստիտուտների հետ համագործակցության արդյունքում։ Այստեղ մենք լուրջ անելիք ունենք․ պետք է կարողանանք շարժել վերջիններիս հետաքրքրությունը մեր նկատմամբ, որպեսզի մեզ ընդունեն որպես գործընկեր և համատեղ իրականացնենք գիտական աշխատանքներ։ Այդպիսով մենք մշտապես կգտնվենք գիտության զարգացման ալիքի վրա։ Այս պահին մեր ինստիտուտը համագործակցում է ԱՄՆ-ի «Էմորի» համալսարանի և մի շարք միջազգային կազմակերպությունների հետ, իրականացնելով գիտական դրամաշնորհային ծրագրեր, որոնք միտված է դրական փոփոխություններ իրականացնել հանրային առողջապահության ոլորտում։ Իհարկե սրան զուգահեռ տարբեր տարիներին իրականացրել ենք նաև գիտական փոքր ծրագրեր, որոնք ֆինանսավորել է մեր պետությունը, ինչը հետագայում իր դրական արդյունքն է տվել ու նպաստել է որպեսզի խոշոր համալսարանները մեզ ճանաչեն որպես գործընկեր ու այդ գիտական ծրագրերը ունեցել են հեռանկար։
- Դուք որպես ԱԱԻ-ի տնօրեն ինչ՞ եք կարևորում։
- Բնականաբար որպես մարդկային ռեսուրսների շարունակական զարգացման ու հետազոտական կառույցի ղեկավար ինձ համար առաջնահերթ է Հայաստանում գիտության և կրթության զարգացումը, բայց նաև գիտակցում եմ, որ ցանկացած հաջողության մեջ մեծ դերակատարում ունի մարդկային ներուժը և այսօր բոլոր կրթական կառույցները պետք է պատասխանատվություն կրեն ապագա սերնդի կրթման և զարգացման համար: Ես նաև ցանկանում եմ ստեղծել մի այնպիսի աշխատանքային մթնոլորտ, որ ոլորտի լավագույն մասնագետները աշխատեն, ինչպես նաև ոլորտում առաջատար միջազգային և տեղական կազմակերպությունները ցանկություն հայտնեն համագործակցել մեզ հետ։
Ժասմին Վիլյան