HALO Trust-ի վերաբերյալ քրեական գործը Արցախի քննչականը վարույթ է ընդունել
Արցախի Քննչական կոմիտեում վարույթ է ընդունվել HALO Trust-ի կողմից թուրքական հատուկ ծառայություններին Արցախի ականապատված տարածքների քարտեզը փոխանցելու առթիվ հարուցված քրգործը։ Այս մասին հայտնում է Արցախի քննչական կոմիտեն։
«Արցախի քննչական կոմիտում վարույթ է ընդունվել մարտի 11-ին զանգվածային լրատվության միջոցներով հրապարակված HALO Trust կազմակերպության կողմից Արցախում գործունեություն ծավալելու ընթացքում թուրքական հատուկ ծառայություններին Արցախի ականապատված տարածքների քարտեզը փոխանցելու և դրա միջոցով 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախի պաշտպանական ականապատված տարածքներն անխոչընդոտ հաղթահարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը»,- ասվում է հաղորդագրությունում։
Քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ իրականացվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ:
Արցախի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Բորիս Ավագյանն էր 24News-ին հայտնել, որ բրիտանական HALO Trust ընկերությունը թուրքական հատուկ ծառայություններին է փոխանցել Արցախում առկա ականապատված տարածքների քարտեզը։
Արցախում ականազերծման աշխատանքներով զբաղվող HALO Trust ընկերությունը հերքել էր թուրքական հատուկ ծառայություններին Արցախում առկա ականապատված տարածքների քարտեզի փոխանցման լուրերը։

