Չմասնակցեցի բրոնզե մեդալի համար պայքարին. Արթուր Ալեքսանյանը պատճառների մասին
Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը վնասվածք է ստացել եւ չի կարողացել հոկտեմբերի 28-ին դուրս գալ գորգ Բուդապեշտում անցկացված հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնության 97 կգ քաշայինների բրոնզե մեդալի համար պայքարին:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտից հայտնեց Արթուր Ալեքսանյանը:
«Չմասնակցեցի բրոնզե մեդալի համար պայքարին, քանի որ երեկ վնասվածք եմ ստացել: Առաջին գոտեմարտի ընթացքում Իտալիան ներկայացնող վրացի Նիկոլոզ Կաքելաշվիլու հետ պայքարում կողային հատվածի վնասվածք ստացա: Հաջորդ գոտեմարտերի ընթացքում ցավ զգում էի, բայց այդքան չէր խանգարում: Միայն զգում էի, որ գնալով ցավն ուժեղանում է:
Այսօր արդեն դժվարությամբ եմ շարժվում եւ այսպես չէի կարող գորգ դուրս գալ: Ցավոք, չկարողացա գոտեմարտել եւ բրոնզե մեդալն առանց պայքարի բաժին հասավ իրանցի Մահդի Աբաս Ալիյարիֆեիզաբադիին: Դեռ բուժզննում չեմ անցել: Վաղը վերադառնում ենք Հայաստան, այդտեղ նոր կգնամ հետազոտության»,- ասաց Արթուր Ալեքսանյանը: