Դավթաշենի բնակիչների տների վերանորոգման համար գումարը հատկացրել են, բայց գործ չեն արել․ Գրիգոր Իսկանդարյան (տեսանյութ)
2024թ․ «Երևան համայնքի բնակիչների կենսամակարդակի բարելավման ուղղված նպատակային ծրագրերի իրականացում» ծրագրով նախատեսված է Դավթաշեն վարչական շրջանում վերանորոգման աշխատանքներ կատարել։ Այս մասին ավագանու այսօրվա նիստում հիշեցրել է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանը։
Նա հավելել է, որ «Մայր Հայաստանի» ավագանիներով այցելել են Դավթաշեն վարչական շրջան, ծանոթացել վերոնշյալ ծրագրում ընդգրկված քաղաքացիների բնակարանային պայմաններին և խնդիրներին։
Պարզվել է, որ Դավթաշեն 4-րդ փողոցի տուն 10-ի համար հատկացվել է 538.000 դրամ, սակայն աշխատանքն արված չէ։ Նույն պատկերն է նաև Դավթաշեն 4-րդ թաղամասի 17 շենք, բն․ 30-ի դեպքում, որի համար հատկացվել է 569.000 դրամ։
Դավթաշեն 3-րդ թաղամասի 6-րդ հանրակացարանի բն․ 3-ի համար էլ 639.000 դրամ է նախատեսված, սակայն կրկին աշխատանքն արված չէ։
Քաղաքացիները տեղեկացրել են, որ վերջին 4 տարում իշխանությունները խոստանում են և ոչինչ չեն անում:
«Մայր Հայաստան» խմբակցության անդամն ավագանու նիստում հետաքրքրվել է, թե ինչո՞ւ դեռ ոչ մի աշխատանք կատարված չէ այս ուղղությամբ: