Հերացի փողոցում տեղի ունեցած վթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Հերացի փողոցում տեղի ունեցած վթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Օգոստոսի 11-ին, առավոտյան Երևան քաղաքի Հերացի փողոցում ցորենով բեռնված «Shacman» մակնիշի բեռնատարը բախվել է թիվ 36 երթուղին սպասարկող «MAN» մակնիշի ավտոբուսին, կայանած «Toyota» մակնիշի ավտոմեքենային և կողաշրջվել։ Վթարի հետևանքով 20 անձ բուժօգնության է դիմել Երևան քաղաքի բժշկական կենտրոններ:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչները դեպքի վայրում են, կատարվում են դեպքի վայրի և վթարված տրանսպորտային միջոցների զննություն, այլ անհետաձգելի առաջնային քննչական գործողություններ։
Նշանակվում են դատաբժշկական փորձաքննություններ։
Վթարի պատճառների և հանգամանքների պարզման, տրանսպորտային միջոցների վարորդների արարքներին իրավական գնահատական տալու նպատակով իրականացվում է նախաքննություն»։
Աղբյուր` Panorama.am