Փաշինյանական Հայաստանը հերթական հետխորհրդային «հակառուսաստանն» է
Ինչո՞ւ է Փաշինյանը համառորեն սադրում Ռուսաստանին:
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.
««Նա, ով վերահսկում է անցյալը, վերահսկում է ապագան: Նա, ով վերահսկում է ներկան, վերահսկում է անցյալը»: Հայաստանի իշխանությունները շատ լավ են սովորել Օրուելյան այս բանաձևը։
Քաղաքական կառավարման մեջ այս սկզբունքի դրսևորումը Հայաստանի կրթական համակարգում, իսկ ավելի կոնկրետ՝ 8-րդ դասարանի պատմության դասագրքի փոփոխություններ կատարելն է։ Դասագիրք, որում նշվում է, որ Արևելյան Հայաստանը բռնակցվել է Ռուսաստանին 1828 թ.:
Բռնակցումը կամ անեքսիան երկրի կամ նրա մի մասի բռնի միացումն է այլ երկրի: Իսկ ո՞ւմ էին պատկանում Արևելյան Հայաստանի հողերը մինչև 1828 թվականը, մինչև Թուրքմանչայի հաշտության պայմանագիրը։ Դրանք վերահսկվում էին Պարսկաստանի կողմից, որն այդ տարիներին ղեկավարում էր թյուրքական դինաստիան։
Ավելին, բնակչության զգալի, իսկ որոշ տարածքներում գերակշռող մասը կազմում էին շիա թյուրքերը։ 1828 թվականից ի վեր 2 տարվա մեջ Պարսկաստանից Արևելյան Հայաստանի տարածք տեղափոխվեց մինչև 40 հազար հայ։ Եվս 90 հազար հայ այնուհետև Թուրքիայի տարածքից ժամանեց Ռուսական կայսրության կազմում գտնվող հայկական տարածքներ։
Նկատենք, որ հետխորհրդային տարածքում կրկին նույն սխեմայով գործողություններ են իրականացվում, իսկ փաշինյանական Հայաստանը հերթական հետխորհրդային «հակառուսաստանը» դառնալու ճանապարհով է գնում։ Ռուսաստանի և ընդհանրապես ռուս ժողովրդի նկատմամբ հայ ժողովրդի վերաբերմունքի մեջ սեպ խրելը ռազմավարական ծրագիր է, որը հիշեցնում է այն, ինչ արեց Արևմուտքը Վրաստանում 2000-ականների սկզբին:
Այսօր վրացական «Ժողովրդի իշխանություն» կուսակցությունը բացահայտ ասում է, որ Միխայիլ Սահակաշվիլին և նրա թիմը կատարել էին «ամենաբարդ առաջադրանքները Վրաստանի դեմ», իսկ 2008 թվականի օգոստոսի դեպքերից հետո (Ռուսաստանի պատերազմը Վրաստանի հետ) Ռուսաստանը ճանաչվել էր «օկուպանտ» իսկ Միացյալ Նահանգները՝ ռազմավարական գործընկեր:
Հասկանալով Վրաստանի ժողովրդի համար Աբխազիայի և Հարավային Օսիայի կարևորությունը՝ ամերիկացիները երկրում իշխանության բերեցին սադրիչին, ով 2008 թվականին պատերազմ հրահրեց, որի արդյունքում Ռուսաստանը (իր քաղաքացիներին պաշտպանելու համար) ճանաչեց այս երկու հանրապետությունների անկախությունը, ինչը երկար տարիների ընթացքում անհնարին, աներևակայելի դարձրեց Մոսկվայի և Թբիլիսիի գործընկերությունը։ Իսկ հիմա Ռուսաստանին օկուպանտ են անվանում արդեն Հայաստանում, ու «խորանում են» պատմության մեջ՝ փաստացի ասելով, որ «1828 թվականից մենք գործ ունենք օկուպացիայի հետ»։
Այս քաղաքական նախագծի էությունը հետևյալն է. առանց անվտանգության երաշխիքների Հայաստանը պետք է իրականացնի Ռուսաստանի Դաշնությունն ու Չինաստանը «Հյուսիս-Հարավ» նախագծից կտրելու ծրագիր, պետք է իր տարածքը տրամադրի ԱՄՆ-ին և Թուրքիային, ինչի մասին Ջեյմս Օ’Բրայենը մի քանի օր առաջ խոսել էր (իսկ Փաշինյանն այս մասին գրել էր դեռ 2001 թվականին)։ Եվ որպեսզի հայ ժողովուրդը չկասկածի այս որոշման «ճշտության» մեջ, հասարակության մեջ է նետվում Ռուսաստանի օկուպանտ լինելու նարատիվը։ Իսկ «օկուպանտի» հետ չես կարող ունենալ միասնական անվտանգության համակարգ կամ միասնական տրանսպորտային համակարգ։
Օրուելը ճիշտ էր. «Նա, ով վերահսկում է անցյալը, վերահսկում է ապագան: Նա, ով վերահսկում է ներկան, վերահսկում է անցյալը»:
Մտածե՛ք այդ մասին…»։