Բլինքենը G7-ին հայտնել է, որ Իրանը կարող է հարձակվել Իսրայելի վրա 24 ժամվա ընթացքում
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը յոթնյակի (G7) ԱԳ նախարարներին ասել է, որ Իրանը և շիական «Հեզբոլլահ» շարժումը առաջիկա 24 ժամվա ընթացքում կարող են հարձակում սկսել Իսրայելի վրա։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնում է Axios պորտալը՝ հղում անելով աղբյուրներին։
Ըստ նրանց՝ Բլինքենը հեռախոսազրույց է նախաձեռնել G7-ի իր գործընկերների հետ՝ փորձելով դիվանագիտական ճնշում գործադրել Իրանի և Հեզբոլլահի վրա՝ նվազագույնի հասցնելու նրանց հարվածի ուժը, ինչը պատասխան կլիներ Թեհրանում Պաղեստինի ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիայի սպանությանը։ Զրույցում ԱՄՆ պետքարտուղարն ընդգծել է, որ հնարավոր հարձակման հետևանքները մեղմելը լավագույն միջոցը կլինի տարածաշրջանում լայնամասշտաբ պատերազմը կանխելու համար։
Աղբյուրները նշում են, որ Բլինքենը համոզված է, որ Իրանը և Հեզբոլլահը հարվածելու են հրեական պետությանը, սակայն պարզ չէ, թե կոնկրետ ինչպիսին կլինի այդ քայլը։ Նա նշել է, որ ԱՄՆ-ը փորձում է սահմանափակել այս հարձակումը, իսկ հետո մեղմել դրան Իսրայելի հնարավոր պատասխանը։
Պարբերականի զրուցակիցների խոսքով՝ ամերիկյան արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը նաև հիասթափություն է հայտնել այն ազդեցության առնչությամբ, որ Գազայի հատվածում հրադադարի բանակցությունների վրա թողել է մերձավորարևելյան հակամարտության սրումը։ Բլինքենը զրույցի ընթացքում ասել է, որ ամերիկյան վարչակազմը մինչ Հանիեի սպանությունը զգում էր, որ կողմերն ավելի քան երբևէ մոտ են գործարքի կնքմանը։
Աղբյուր` Panorama.am