ԱՄՆ-ի և ԵՄ-ի նպատակն է խզել Հայաստանի և Ռուսաստանի կապերը. Ալեքսեյ Գրոմիկո (տեսանյութ)
ԱՄՆ-ի և ԵՄ-ի նպատակն է խզել Հայաստանի և Ռուսաստանի կապերը, այլ ոչ թե փոխարինել Մոսկվային Երևանի համար անվտանգության և տնտեսության ոլորտում։ Այս մասին ԱՊՀ երիտասարդ միջազգայնագետների մրցույթի եզրափակիչ փուլի մասնակիցների համաժողովի շրջանակներում Alpha News-ին ասել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի (ՌԳԱ) թղթակից-անդամ, քաղաքական գիտությունների դոկտոր, ՌԳԱ-ի Եվրոպայի ինստիտուտի ղեկավար Ալեքսեյ Գրոմիկոն:
«Իրականում ոչ ոք Ռուսաստանին լավ իմաստով փոխարինել չի ուզում։ Բոլորն ուզում են, եթե դա վերաբերում է Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններին, պարզապես խզել այն բոլոր կապերը, որոնք մեզ կապում են և մինչև վերջերս անսասան էին թվում: Սակայն Ռուսաստանում մասնագետները կարծում են, որ դա Հայաստանի համար ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Կարևորն այն չէ, որ Ձեզ մոտ քաղաքականությունը բազմավեկտոր է, թե ոչ։ Բանն այն է, որ բազմակողմ, բազմավեկտոր քաղաքականության դեպքում, իսկապես բազմակենտրոն աշխարհում պետք է կառուցես քո առաջնահերթությունները և առաջնորդվել ոչ թե էմոցիաներով, կոնյունկտուրային ինչ-ինչ այսրոպեական նկատառումներով, այլ մի քիչ առաջ նայել»,- հայտարարել է նա՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի և ԵՄ-ի ակտիվությունը Հայաստանի հետ հարաբերություններում։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի դիրքորոշումն այստեղ շատ պարզ է. պետք է պահպանել ռազմավարական գործընկերության քաղաքականությունը, առաջին հերթին միմյանց համարել որպես ռազմավարական դաշնակիցներ, ամեն կերպ զարգացնել ինտեգրացիոն նախագծերը տնտեսության, արդյունաբերության, տեխնոլոգիաների, ռազմական ոլորտներում։
«Եթե երկկողմ հարաբերություններում կան խնդիրներ, թեկուզ շատ մասշտաբային և լուրջ այս կամ այն երկրների միջև, որոնց հետ Ռուսաստանը, բնականաբար, սերտ հարաբերություններ ունի պատմության ընթացքում, այդ խնդիրները պետք է լուծվեն միմյանց հետ, և ոչ թե երրորդ անձանց ներգրավմամբ, որոնք բոլորովին այլ շահեր, առաջնահերթություններ ունեն: Ռուսաստանի հետ հարաբերությունները պետք է լուծվեն միմյանց հետ, և, ի վերջո, ոչ ոք մոլորակի մյուս մասում չի պատրաստվում ռազմավարական առումով պաշտպանել երկրի մյուս կողմում գտնվող երկրների շահերը։ Դա պետք է հասկանալ, և այն ամենը, ինչ կարելի է ցանկանալ մեր ընկերներին` չընկնել ինչ-որ ընկերների փոխարինման խայծը։
Մենք պարզ մարդկային կյանքից գիտենք, որ ընկերներին չի կարելի վերցնել և փոխարինել, ասել՝ «Կյանքիս մեծ մասում դուք իմ ընկերներն եք եղել, բայց հիմա ես այլ ընկերներ ունեմ»: Կյանքում այդպես չի լինում և այդպես չի լինում նաև միջազգային կյանքում, ընկերնե՛ր»,-եզրափակել է Գրոմիկոն։