Ադրբեջանը խախտել է հրադադարը. արգենտինացի պատգամավորներն իրենց աջակցությունն են հայտնել հայ ժողովրդին
Հուլիսի 28-ին Արգենիտնայի Սանտա Ֆե նահանգի խորհրդարանականներ Ռուբեն Ջուստինիանին և Ագուստինա Դոնեթը հանդես են եկել հայտարարությամբ և իրենց աջակցությունն են հայտնել հայ ժողովրդին՝ հայ-ադրբեջանական սահմանային վերջին լարվածության առնչությամբ: Պատգամավորները Ադրբեջանի գործողությունները որակել են որպես «հրադադարի լրջագույն խախտում» և նշել, որ այդ երկրի իշխանություններն անտեսել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ համավարակի պայմաններում գլոբալ զինադադար հաստատելու կոչը:
«Մենք մեր համերաշխությունն ենք հայտնում հայ ժողովրդին, որոնք դարձել են Ադրբեջանի զինված ուժերի չարդարացված ռազմական գործողությունների զոհ»,-ասվում է հայտարարության մեջ: Խորհրդարանականները միջազգային հանրությանը կոչ են արել ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և հակամարտող կողմերի հորդորել վերադառնալ բանակցությունների սեղան: